12/07/2013 18:39
Արտավազդ Փելեշյանին շնորհվեց «Եղիցի լույս» մրցանակը
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը: Հայոց Եկեղեցու հաստատած մրցանակն այս տարի շնորհվել է մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի մամուլի ծառայությունից:
Արարողության սկզբում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցների և հյուրերի ներկայությունը Սբ Էջմիածնում ողջունել է Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես է եկել կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը, ով շնորհավորել է մեծարյալ արվեստագետին Հայ Եկեղեցու մրցանակին արժանանալու կապակցությամբ:
Ապա Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ընթերցել է հայրապետական վկայագիրը, որից հետո ներկաների ծափողջյունների ներքո Ամենայն Հայոց Հայրապետը «Եղիցի լույս» մրցանակը շնորհել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին` հոգևոր, մշակութային ու մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակի համար:
Մրցանակաբաշխությունից հետո ներկաների հետ իր զգացումները կիսել է, Ա. Փելեշյանը, ով իր մասնավոր շնորհակալությունը հայտնել է Վեհափառ Հայրապետին իրեն նման բարձր պատվի արժանացնելու համար:
Արարողության ավարտին ներկաներին իր հայրապետական օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գոհունակությամբ անդրադառնալով շնորհալի կինոռեժիսորի ստեղծագործական գործունեությանը` Վեհափառ Հայրապետն ասել է.
«Տիար Փելեշյանը ռեժիսոր-վավերագրողի իր գործերով, բարձրարժեք վավերագրական ֆիլմերով բազմաթիվ մարդկանց հոգիներում զորացրել է ձգտումը դեպի բարին ու արդարը, վեր հանել մարդկային ներաշխարհի հույզերը, կամքի ուժը և ստեղծագործական թռիչքը, ներկայացրել Աստծո արարչագործության պսակ մարդ արարածին իր ողջ վեհությամբ, տքնելու ու կերտելու զորությամբ, ամրապնդել նաև մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը, իր ուրույն տեսանկյունով ներկայացրել հայ ժողովրդին»:
Իր խոսքում Նորին Սրբությունը նշել է նաև, որ մեր ժողովրդի համար հպարտություն է այսպիսի զավակ ունենալը, ով համաշխարհային կինոյի ասպարեզում համարվում է մեծագույն գործիչ և կինեմատոգրաֆիայի դասական, ում նշանավոր գործերը համամարդկային նշանակություն ունեն և նույնիսկ մեր ժողովրդի մասին պատմող գործերը դուրս են գալիս նեղ սահմաններից, ազգայինի միջոցով ներամփոփում ու տարածում համամարդկայինը: Վերստին շնորհավորելով տիար Փելեշյանին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ է մաղթել մեծարյալին: