12/07/2013 09:56
Եթե ԲՀԿ-ն կոալիցայի մաս չկազմի, մի շարք գործարարներ կլքեն կուսակցությունը
Եթե ԲՀԿ-ն աշնանը իշխող կոալիցիայի մաս չկազմի, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Մելիք Մանուկյանը (Շշի Մելո), Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) և Արագած Ախոյանը պատրաստվում են դուրս գալ կուսակցությունից։
«Ժողովուրդին» լուրեր են հասել, որ գործարար պատգամավորներն իրենց շրջապատում հայտարարել են, թե իրենց համար շատ «դաժան» կլինի, եթե ԱԺ աշնանային նստաշրջանում ԲՀԿ-ն հայտարարի, որ ընդդիմություն է։ Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները «Ժողովուրդի» հետ զրույցում հայտարարեցին, թե իրականում նման բան չկա։ Թերթի հետ զրույցում նախկին ՕԵԿ-ական, այսօր ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը թեմայի առնչությամբ նշել է. «Այ քեզ բան, ես պարզ ասում եմ, որ ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ, ու ԲՀԿ-ն քանի գոյություն ունի, ես կմնամ այդ կուսակցության մեջ։ Դե պատերի տակ խոսում են, ես ի՞նչ կարող եմ ասել, չգիտեմ՝ ով ինչ է խոսում, բայց ես նման ձևով եմ մտածում»:
Հաջորդ հրապարակմամբ թերթը տեղեկացրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանը սնանկ է ճանաչվել։ Պատճառը բանկերին ունեցած պարտքերն են։ Այնուհետև մեկնաբանել է. «Ինչևէ, արդեն նկատելի է, որ ԲՀԿ-ական նախկին ու ներկա պատգամավորները հերթով սնանկանում են։ Թերևս, զարմանալի չի լինի, եթե պատգամավոր Արագած Ախոյանը ևս սնանկանա, քանի որ նա էլ մի շարք շինարարական ընկերությունների բավական պարտքեր ունի»։