13/07/2013 14:04
Փոխնախարար. Ծիրանն արտահանվում է 200-700 դրամով
Հանրապետությունում շարունակվում է պտուղ-բանջարեղենի մթերումը` մասնավորապես ծիրանինը: Արդեն արտահանվել է շուրջ 32 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որից մոտ 20 հազար տոննան ծիրան է, նախորդ ամբողջ տարում արտահանվել է 31 հազար 700 տոննա պտուղ-բանջարեղեն: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Հանրապետությունում, փոխնախարարի տեղեկացմամբ, մթերվել է 10 հազար 600 տոննա պտուղ, որից 10 հազար 108 տոննան ծիրան է: Անցած տարի նույն օրվա դրությամբ մթերվել էր 4 հազար 480 տոննա ծիրան: Մթերման, ինչպես նաև արտահանման ծավալները, նախորդ տարվա համեմատ, ավելացել են:
Շարունակելով խոսքը` փոխնախարարը նշեց, որ վճարումները կատարվում են հիմնականում մեկ-երկու օրվա ընթացքում, ինչպես նաև` կան գործարաններ, որոնք պայմանագրեր են կնքում գյուղացիների հետ և վճարում 7-10 օրվա ընթացքում:
Անդրադառնալով մթերման հետ կապված խնդիրներին` Ռ. Մակարյանը նշեց, որ դրանք հիմնականում կապված են եղել «Նոյան» ընկերության հետ. «Ընկերությունն ունի տեխնիկական խնդիրներ, սակայն մթերումները կշարունակեն մյուս գործարարները»:
Ինչ վերաբերում է ծիրանի գնին, ապա փոխնախարարն ասաց, որ իրենք գին չեն թելադրում, գին, ըստ նրա, թելադրում է շուկան: Նա տեղեկացրեց, որ ներկայում բանակցություններ են տարվում քաղաքապետարանի հետ, որպեսզի տոնավաճառների թիվն ավելանա:
Նա նշեց, որ վերամշակվող ծիրանի գինը տատանվում են 40-50 դրամի սահմաններում, խոսքը կարկտահարված, անորակ ծիրանի մասին է, իսկ ահա արտահանվող ծիրանն ավելի բարձր գին ունի և էլի բարձրանում է` նվազագույն արժեքը 200-250 դրամ է, իսկ առավելագույնը` 500-700 դրամ: