16/07/2013 09:40
«Արդշինինվեստբանկը» կեղծ կտրոններ է տվել հաճախորդներին
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղում տիրող խայտառակ իրավիճակի մասին «Ժողովուրդ» օրաթերթի նախորդ հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հիշեցնենք, որ մարդիկ իրենց ոսկեղենը գրավադրել են այս բանկում, սակայն տոկոսադրույքի համապատասխան վճարումները կատարելուց հետո չեն կարողանում հետ ստանալ այն, բանկից պատճառաբանում են, թե կտրոնների մի մասը կեղծ է: Թե ինչպես են բանկից կեղծ կտրոններ տրվել բնակիչներին, դեռ պարզ չէ:
Երեկ թերթը տեղեկացել է, որ երբ տուժած քաղաքացի Անուշավան Բադալյանը, կեղծ կտրոնները ձեռքին, մտել է բանկի կառավարիչ Արտյոմ Մկրտչյանի մոտ՝ հաշիվ պահանջելու, կառավարիչը վերցրել է կեղծ կտրոնն ու հետ չի վերադարձնում: Իսկ մեկ այլ քաղաքացուց վերցրել ու տեղում պատռել է կտրոնը՝ ասելով, թե այն կեղծ է ու ոչ մի արժեք չունի: Մինչդեռ դա քաղաքացու վճարած գումարի հիման վրա տրված միակ «փաստաթուղթն» էր: Թերթի տեղեկություններով՝ «Արդշինինվեստբանկից» տուժածների թիվը 100-ից անցնում է: