17/07/2013 09:39
ՕԵԿ-ը «նալոգ է դրել» դպրոցների ՕԵԿ-ական տնօրենների վրա
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով՝ վերջերս ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի առաջնորդած «Օրինաց երկիր» կուսակցությունը մի ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկեք։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այն դպրոցներում, որտեղ նվիրյալ ՕԵԿ-ական տնօրեններ են աշխատում, նրանց պարտադրել են 500-ական դրամ փոխանցել «Օրինաց երկիր» կուսակցությանը։
«Թե ինչո՞ւ է ՕԵԿ-ը որոշել մանկավարժների հաշվին հարստացնել իր կուսակցական բյուջեն՝ դժվար չէ կռահեք։ Նկատենք, որ Արթուր Բաղդասարյանը ի զորու է քարից անգամ փող քամել, և դրա վկայությունը նրա բազմաթիվ բիզնեսների առկայությունն է։ Հիշեցնենք, որ նրա համար բիզնեսի աղբյուր են նաև բարձրագույն և միջին մասնագիտական որոշ հաստատություններ։
Ի դեպ, ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում «ժեստ» արեց ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին և որոշեց թույլատրել Բաղդասարյանի «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ին իր կողմից «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. հունվարի 1-ը։ Ներմուծվող ապրանքները մուրաբայի՞, թե՞ սուրճի տեսքով կլինեն, այս հարցը կառավարության նիստում չքննարկվեց»,- գրել է «Չորրորդ ինքնիշխանությունը»: