17/07/2013 16:23
Բուդաղյանի պաշտպան. Շատ հեշտ է ապացուցել, որ տեսագրությունը մոնտաժված է
Գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պարզելու համար, արդյոք զինդատախազ Գևորգ Կոստանյանի՝ Բուղաղյանների վերաբերյալ հրապարակային հայտարարությունները հանդիսանում են գլխավոր դատախազության պաշտոնակա՞ն տեսակետը, թե ոչ:
Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Ալումյանը: Նրա խոսքով` արդեն պատրաստ են մի շարք փորձաքննությունների պատասխաններ, որոնցից մեկի հիման վրա էլ ինքը միջնորդել է դադարեցնել Ա. Բուդաղյանի նկատմամբ հետապնդումը:
Նա բնական անվանեց այն, որ ՀՀ ոստիկանություն ուղարկած իր գրության պատասխան դեռևս չկա: «Ես բավականին ծավալուն գրություն էի ուղարկել, որին պատասխանելու համար ժամանակ է անհրաժեշտ»,- ասաց նա:
Aysor.am-ի հարցին` իսկ հնարավոր կլինի՞ ապացուցել, որ տեսագրությունը մոնտաժված է եղել, նա ասաց. «Դա շատ հեշտ է: Եթե նախաքննական գաղտնիքի բացահայտում չհամարվի և համացանցում հայտնվի ամբողջական տեսագրությունը, ամեն ինչ ավելի պարզ կլինի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 2-ին Ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում Գորիս քաղաքի գտնվող, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող, առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակված կրակոցների հետևանքով Ավետիք Էմիլի Բուդաղյանի մահանալու և ևս 2 անձանց մարմնական հրազենային վնասվածքներ ստանալու փաստի առթիվ:
Նախորդող հրապարակում` Ա. Բուդաղյանի զենքը տեխնիկապես ոչ պատրաստ վիճակում և առանց փամփուշտի է եղել
Ա. Բուդաղյանի փաստաբան. Զինդատախազությունը որոշեց օգնել նրանց