17/07/2013 11:11
Հրաչյա Հարությունյանի պաշտպանը այսօր բողոքներ է ներկայացնելու
«Նոր Մոսկվայում» վթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանի պաշտպան Ալեքսանդր Մալցևը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք այսօր բողոք են ներկայացնելու Հ. Հարությունյանին կալանավորելու և նրան կանացի հագուստով դատարան բերելու վերաբերյալ: «Մենք բողոք ենք ներկայացնելու այն բժիշկների և իրավապաների դեմ, ովքեր որոշել են նրան նման կերպով բերել դատարան: Դա նվաստացուցիչ է մարդու արժանապատվության համար»,- ասաց նա:
Պաշտպանի խոսքով` ինքը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել վթարված բեռնատար մեքենայի տեխնիկական անվտանգության փորձաքննությանը մասնակցելու վերաբերյալ:
«Մենք միջնորդելու ենք նաև, որ հարցաքննվեն ավտոմեքենայի տերն ու ընկերության սեփականատերը ավտոմեքենայի տեխնիկական վիճակի վերաբերյալ»,- ասաց նա:
Հարցին` ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը, նա նշեց, որ այդ մասին վաղ է խոսել:
Aysor.am-ի հարցին` կարծում եք՝ հնարավո՞ր է ապացուցել, որ Հ. Հարությունյանը մեքենան փորձել է շրջել` մյուս ավտոմեքենաների հետ բախումից խուսափելու համար, պաշտպանը ասաց. «Այո, դա հնարավոր է»:
Հարցին` հանդիպե՞լ է Հ. Հարությունյանին և ինչպե՞ս է գնահատում նրա առողջական վիճակը, պաշտպանը նշեց.
«Իր առողջական վիճակը կայուն, նորմալ է, այժմ գտնվում է մեկուսարանում, սակայն հոգեկան վիճակը վատ է, լացում է, ծանր հոգեվիճակում է գտնվում»,- ասաց նա:
Հարցին` օրինակա՞ն էր արդյոք այն, որ Հ. Հարությունյանին հանել են դեղորայքային քնից և բերել դատարան, պաշտպանը պատասխանեց. «Բժշիկը կարող է այդպես հարկ համարել, սակայն մենք բողոք ենք ներկայացնելու նաև դրա վերաբերյալ»:
Ա. Մալցևը նշեց, որ Հ. Հարությունյանի հարազատների հետ դեռ չի խոսել, սակայն իրենց փոխանցել են իր հեռախոսահամարը: