18/07/2013 12:05
Արա Աբրահամյան. Արել ենք ամեն ինչ, որ կարծիքը հայերի մասին վատը չլինի
Slaq.am-ի հարցազրույցը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ.
– Պարոն Աբրահամյան այս օրերին որոշ լրատվամիջոցներ քննադատում էին Ռուսաստանի հայերի միությանը` նշելով, որ հայ վարորդ Հրաչ Հարությունյանի գործի հետ կապված ոչ մի քայլ չի անում: Մի փոքր կմանրամասնե՞ք, թե ինչ է արել Ռուսաստանի հայերի միությունը, որի մասին մեր հասարակությունը չգիտի:
– Ռուսաստանի հայերի միությունը հասարակական կազմակերպություն է և այն չի զբաղվում ՀՀ քաղաքացիների խնդիրներով: Սակայն քանի որ այստեղ չկա նման կազմակերպություն, որը կզբաղվի ՀՀ քաղաքացիների խնդիրներով՝ մենք առաջին օրվանից տեղյակ ենք և առաջին օրվանից զբաղվում ենք այս խնդրով:Այս ընթացքում չի եղել մի դեպք, որը վերաբերվի մեր հայրենակցին և մենք չզբաղվենք դրանով:Մենք բոլոր դեպքերին էլ խառնվում ենք և մեր օգնությունը ցույց ենք տալիս: Կրկնում եմ ոչ մի պարտականություն չկա , ոչ էլ իրավունք կա զբաղվելու այդ խնդիրներով, բայց մենք դա անում ենք, որովհետև մենք այդպես ենք ուզում: Ինչ վերաբերվում է կոնկրետ այս դեպքին որոշ մարդիկ անիմաստ խոսում են, ամենայն հավանականությամբ՝ բան ու գործ չունեն և իրենց համար գործ են ճարել քննադատելով աշխատող կառույցին: Այդ խոսողները չգիտեն, թե ինչ է մարդուն օգնելը, եթե այդքան կարողանում են քննադատել, թող դրա փոխարեն Հրաչիկի ընտանիքին որևէ օգնություն ցուցաբերեն: Մի բան պետք է նկատել, որ սա դժբախտություն էր և 18 մարդ է զոհվել: Մեզ վրդովվեցրել է, որ մեր հայրենակցին խալաթով են բերել դատարան: Մենք դիմում ենք ներկայացրել Ներքին գործերի նախարարություն և բացատրություն ենք պահանջել, թե ինչու՞ են մեր հայրենակցին խալաթով բերել դատարան և իրենք ասել են, որ իրենք 72 ժամվա ընթացքում պարտավոր էին տանել դատարան հակառակ դեպքում պետք է ազատ արձակեին, իսկ թե ինչ հագուստով է եղել դա իրենց պարտականությունը չէ, դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում:
– Պարոն Աբրահամյան, Ձեր կարծիքով սա առաջին դեպքը չէ, որ Ռուսաստանի հայերի միությանը մեղադրում են անգործության մեջ: Ի՞նչ եք կարծում ինչու են մեղադրում Ձեզ այն դեպքում, երբ իրականում մեծ աշխատանք եք կատարում, Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակով են այդ քննադատությունները:
– Չգիտեմ երևի անգործ մարդիկ են: Այդ խոսողները պատկերացնում են, թե ինչ է նշանակում Ռուսատանի «Առաջին ալիքով» երկու ժամ ուղիղ եթեր վերցնել: Ես մի բան կասեմ՝ թող անիմաստ խոսելու փոխարեն գործ անեն: Որևէ մեկը օգնե՞լ է այդ թշվառ ընտանիքին: Իսկ Ռուսաստանի հայերի միությունը արդեն օգնել է այդ ընտանիքին: Մենք երկու փաստաբանով ենք ապահովել Հրաչյա Հարությունյանին և իր գործի հետ կապված արդեն տասից ավելի բողոքներ ենք ուղարկել տարբեր կառույցների: Գիտե՞ք ինչ, այս դժբախտությունը կարող էր բերել մեծ «պայթյունի» ամենակարևորը մենք կարողացել են դա կանխել: Մենք հանդիպել և խոսել ենք ամենաբարձր պաշտոնյաների հետ և արել ենք ամեն ինչ, որպեսզի հասարակական կարծիքը հայերի մասին վատը չլինի: Այդ խոսացողների համար հեշտ է, քանի որ իրենք այստեղ չեն ապրում: Սա մեր երկրի օրենքներն են և մենք ենք այստեղ ապրում, իրենք չեն հասկանում թե ինչպես է անդրադառնում իրենց քայլերը այստեղ ապրող 3 մլն հայերի վրա: Մենք Հայաստանում գրասենյակ ունենք և եթե այդ խոսողները ասելիք ունեն, թող գնան մեր գրասենյակ և ասեն այդ ամենը իմ տեղակալներին, իսկ մեր գրասենյակը կներկայացնի թե ինչ աշխատանքներ ենք մենք արել: