18/07/2013 10:19
Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ չի հարուցվել
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի` Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստի ընթացքում հնչած վիրավորանքների առթիվ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:
Aysor.am-ի հարցին` Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին ծեծելու փաստի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է, թե ոչ, նա ասաց, որ նյութեր են նախապատրաստվում:
Հ. Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ ինքը դատարանում Վ. Ղուկասյանի պահվածքի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն և իրեն հայտնի չէ, գործ հարուցվել է, թե ոչ: Փաստաբանի խոսքով՝ Ս. Սարգսյանը եղել է միջանցքում, իսկ Վ. Ղուկասյանը դուրս է եկել նիստի ընթացքում, սակայն միջանցքում այլ մարդիկ եղել են:
Ս. Սարգսյանի կինը` Անահիտ Նիկոլյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամուսնու վիճակը կայուն ծանր է: «Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նախաինսուլտային, նախաինֆարկտային վիճակում է»,- ասաց նա:
Հիշեցնենք նաև, որ դատական նիստից հետո Ս. Սարգսյանը նախաինֆարկտային վիճակում տեղափոխվել էր Գյումրիի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: