18/07/2013 09:12
Ծեծել են «Հայինկասացիայի» Երևանի բաժնի պետի կնոջն ու որդուն
«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 16-ին՝ ցերեկը, «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Երևան քաղաքի բաժնի պետ Գարեգին Միքայելյանը ծեծկռտուքի մասնակից է դարձել։
Թերթի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Ալավերդի քաղաքի Էնգելսի փողոցի 6-րդ շենքի մոտ տեղի բնակիչների հետ։ Երեկ թերթին չի հաջողվել պարզել, թե որն է եղել նրանց վեճի առարկան, սակայն տեղեկացել են, որ վիճաբանողները եղել են Միքայելյանի հարևանները, և միջադեպին մասնակցել են նաև տեղի դպրոցի դռնապանը ու մի խումբ այլ մարդիկ։
Արդյունքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով ծեծի են ենթարկվել «Հայինկասացիայի» Երևանի բաժնի պետի կինն ու որդին։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են թերթի տեղեկությունը՝ նշելով, որ այժմ հետաքննություն է կատարվում: