19/07/2013 18:23
Փայլակ Հայրապետյան. Իսկ ինչո՞ւ է վարչապետը հարցում ուղարկում
Գործարար Փայլակ Հայրապետյանի մոտ հարց է հարուցում այն, թե ինչո՞ւ է վարչապետը առանձին հարցում ուղարկում Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստր:
Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փ. Հայրապետյանը. «Եթե դատախազը ուղարկել է հարցում, ինչու է վարչապետն իր կողմից հարցում ուղարկում: Ինձ համար պաշտոնական պատասխան կլինի դատախազի ստացած պատասխանը»,- ասաց նա:
Փ. Հայրապետյանի խոսքով` իր համար հանելուկ է մնում նաև այն, թե ում է ուղարկել այդ գումարները «Ամերիաբանկը»: Նրա խոսքով` այսօր համապատասխան հարցում է ուղարկել բանկին. «Ես որևէ մեկի պատվին չեմ ուզում կպնել: Պետք է հասկանալ` ո՞ր հասցեով է բանկը ուղարկել այդ գումարները: Օֆշորի՞ն է ուղարկել, թող օֆշորը պատասխան տա: Եթե դա չի եղել վարչապետը, մենք բոլորս կարող ենք ներողություն խնդրել, սակայն պետք է հասկանալ՝ ո՞ւմ են փոխանցվել այդ գումարները: Բանկը, ամեն դեքպում, մեղավոր է, ասենք, օրինակ, անգամ եթե վարչապետը կամ Կճոյանը իրեն ասեին՝ գլուխդ տուր պատին, պետք է տար»,- ասաց նա:
Փ. Հայրապետյանը նշեց, որ բանկ ասելով նկատի չունի բանկի սեփականատեր Ռուբեն Վարդանյանին: «Ինքը Հայաստանի համար այնքան լավ գործեր է կատարել, որ ես չեմ կարծում, որ նա կարող էր նման կերպ վարվել: Բայց բանկը մենակ ինքը չի: Կա տնօրենների խորհուրդ, ավելի ցածր օղակներ, որոնք իրականցրել են այդ գործարքը: Այդ գումարներով պետք է սարքավորումներ գնեին, բայց 0 լումա է ծախսվել բիզնեսի համար»,- ասաց նա:
Գործարարի խոսքով` սա բավական չէ, իր բիզնեսներն էլ խլում են իրենից: ««Ակվամարին լայթ» ընկերությունը արդեն 2 ամիս է` չի աշխատում: Մեզ բոլորիս, անգամ ինձ իմ աշխատասենյակից եկան ավտոմատներով ոստիկանները հանեցին: Թող քննեն, ի՞նչ է եղել, փոխարենը աջուձախ վաճառում են բիզնեսները»,- ասաց նա:
Անդրադառնալով Աշոտ Սուքիասյանին, նա նշեց, որ վերջինիցս ամեն ինչ սպասում է: «Նա կարող է հիմա դեմքն էլ փոխել ու ապրել որևէ երկրում: Իր տուն, որ գնում էինք, խաչ էր դրել, ամեն օր նայում էր խաչին ու աղոթում, մտածում էինք, էս մարդուց սուրբ մարդ չկա, բայց ի՞նչ դուրս եկավ»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում` Փայլակ Հայրապետյան. Վարչապետը կլինի, թե Կճոյանը, ինձ գցել են
Օֆշորի գործ. Վարչապետի ստորագրությունը և նրա որևէ լիազորագիր առկա չէ