19/07/2013 15:21
Օֆշորի գործ. Վարչապետի ստորագրությունը և նրա որևէ լիազորագիր առկա չէ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրությունը, և նրա անունից որևէ լիազորագիր «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության փաստաթղթերում առկա չէ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը:
Նրա խոսքով` իրենք ստացել են Կիպրոսի ընկերությունների գրանցման պետռեգիստր արված հարցման պատասխանը, սակայն փաստաթղթի բովանդակությունը չի կարող բացահայտվել, այն ուղարկվել է Գլխավոր դատախազություն, վերջինս էլ ուղարկել է ոստիկանություն:
Aysor.am-ի հարցին` պատրաստվո՞ւմ եք որևէ քայլ ձեռնարկել մամուլում տևական ժամանակ վարչապետի անվան հետ կապված տեղեկությունների վերաբերյալ, Հ. Բերբերյանը նշեց, որ առայժմ քննություն է տարվում, որից հետո միայն կարելի է խոսել հետագա քայլերի մասին:
Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ին հաջողվել է նոր տեղեկություններ ձեռք բերել օֆշորի սկանդալային գործարքների վերաբեյալ։ Մեզ հաջողվեց պարզել, որ վարչապետը Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրից «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության վերաբերյալ հարցում է կատարել Կիպրոսում գործող «ARGYROU & DEMOSTHENOUS» իրավաբանական ընկերության միջոցով։ Կիպրոսի ռեգիստրից բավական ուշագրավ տեղեկություններ են տրամադրել իրավաբանական ընկերությանը։
Վերջինիս փոխանցած տեղեկությունների համաձայն, հիմնադրման պահին ընկերության տնօրենի ֆունկցիաներն իրականացրել է Սոտիրուլա Միքայելը, իսկ քարտուղարությունը՝ Romanos Office Services Ltd ընկերությունը։ 10.000 բաժնետոմսերից թողարկվել է ընդամենը 1.000-ը՝ յուրաքանչյուրը 1 եվրո արժողությամբ, որոնք Conmaco Ltd. ընկերության կողմից սկզբնական շրջանում ձեւակերպվել է երեք անձանց՝ Աշոտ Սուքիասյանի, Սամվել Կճոյանի եւ Տիգրան Սարգսյանի անուններով։ Սակայն, պարզվում է, որոշ ժամանակ անց, բաժնետերերը փոխվել են եւ, օրինակ, Տիգրան Սարգսյանի անունով ձևակերպված բաժնետոմսերը փոխանցվել են ոմն Է.Սուքիասյանի։ Փոխվել է նաև ընկերության տնօրենն ու քարտուղարությունը և ներկայումս Աշոտ Սուքիասյանն է հանդիսանում ընկերության և տնօրենը, և քարտուղարը:
Կիպրոսից տեղեկացնում են, որ ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ Սամվել Կճոյանը չեն ստորագրել ընկերության Կիպրոսի Ընկերությունների Ռեգիստրի Դեպարտամենտ և Պաշտոնական Գրասենյակում գտնվող պաշտոնական գործերում առկա փաստաթղթերից որևէ մեկը։ Համենայն դեպս, նրանց ստորագրությունը բացակայում է փաստաթղթերում։ Ավելին, Աշոտ Սուքիասյանն է ստորագրել նաև այն փաստաթղթերը, համաձայն որոնց նա հանդիսանում է ընկերության տնօրեն և քարտուղար՝ 20/11/2012թ.-ից ի վեր։ Ի դեպ, հենց նա է հաստատել նաև Հայաստանի վարչապետի անունով ձևակերպված բաժնետոմսերի փոխանցումը Է.Սուքիասյանին։
Նախորդող հրապարակում` Օֆշորային սկանդալ. ԱԱԾ-ն հատուկ խումբ չի գործուղել Կիպրոս
Վարչապետը՝ օֆշորային սկանդալի մասին. Ինչ հեքիաթներ ասես, որ չեն հորինում
Փայլակ Հայրապետյան. Վարչապետը կլինի, թե Կճոյանը, ինձ գցել են