20/07/2013 09:14
Ցեղասպանությունից փրկվածների գերեզմանատան տարածքում օբյեկտ են կառուցվել
Էջմիածնի Ներսիսյան անտառը, որը նախկինում զբաղեցնում էր 12 հեկտար տարածություն, տարիների ընթացքում հատվելով, մնացել է 3 հեկտար։ «Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ տարօրինակ է, բայց փաստ, որ անտառը մեծ վտանգ կարող է ներկայացնել շրջակա միջավայրի համար։
Անտառի տակ իրենց վերջին հանգրվանն են գտել 1915 թվականի ցեղասպանությունից փրկված, սակայն սովից, տիֆից, խոլերայից մահացած մեր հայրենակիցները։ Անտառը հիմնվել է ամեն տեսակ վարակների տարածումը կանխելու համար, սակայն այսօր այն վարակի օջախ է հանդիսանում։
Այս վայրում խրախճանքի ու ժամանցի օբյեկտներ են կառուցվել։ Նախ, որ բարոյականության տեսակետից այնքան էլ ընդունելի չէ հանգամանքը, որ գերեզմանների վրա տնկված անտառը խրախճանքի վայրի է վերածվել, մյուս կողմից, սակայն, թե կենսաբանների, թե համաճարակաբանների կարծիքով, տեղանքը վտանգավոր է խոլերայի և տիֆի հարուցիչների ի հայտ գալու առումով։
Թերթի տեղեկություններով՝ Էջմիածնի կադաստրի նախկին պետ Շիրազ Հարությունյանը այս անտառում մի քանի տարի առաջ իր անճաշակ ռեստորանն է կառուցել՝ անվանակոչելով «Անտառի գեղեցկուհի»։ Ռեստորանի հիմքը փորելիս շինարարները վախեցել են, քանի որ երբ էքսկավատորի շերեփը մի թեթև խփել են հողին՝ մարդկանց ոսկորներ ու գանգեր են դուրս եկել։ Չնայած այդ հանգամանքին, կառուցապատողներին հրահանգել են չդադարեցնել աշխատանքը։ Հետագայում էլ անցկացրել են կոյուղու և խմելու ջրագծեր, որոնք անցել են հազարավոր դիակների միջով։
«Կենսաբանները նշում են, որ խոնավ պայմանները խոլերայի հարուցիչի համար ամենանպաստավորն են, իսկ ռեստորանը, կամա թե ակամա, նման պայմաններ է ստեղծել։ Բացի դա, ջրագծերը հաճախ վթարվում են հենց գետնի տակ, կամ մաշվում՝ հող ու կեղտի, ջրի հոսքի հետ սպառողին հասցնելով նաև վարակով մահացածների վիրուսներով հարուստ մի շարք տարրեր»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: