22/07/2013 16:51
ԿԲ նախկին նախագահ. 50 տոկոս թանկացումը` ճգնաժամ
«Տրանսպորտի 50 տոկոս թանկացումը տնտեսության մեջ ճգնաժամ է նշանակում»,- այսօր լրագրողներին ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Տնտեսագետը կարծում է, որ ճշգրիտ հաշվարկների դեպքում դեռ տրանսպորտի սակագինը պետք էր իջներ, ոչ թե բարձրանար, և բարձրանում է, քանի որ երթուղային գծերը «այս իշխանության քաղաքական հենարանն են»:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը իր հերթին նկատեց, որ նման «մանր-մունր» խնդիրներով իշխանությունը մարդկանց ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից:
Նա նաև այն կարծիքին է, որ հասարակության մեջ տրասնպորտի թանկացման դեմ խմորումները կետային բնույթ են կրում և ոչինչի չեն հանգեցնի:
Այս մտքի հետ չհամաձայնեց Բագրատ Ասատրյանը` «Կախված է ծավալներից»: Նա նաև շեշտեց, որ Հայաստանի պատմությունը կերտվել է նման շարժումներով. «Կամ թույլ չենք տալու, որ մեզ հետ այդպես վարվեն, կամ էլ վաղը էլի գլխներիս կստանանք»: