22/07/2013 10:30
Հալեպում հաճախակի են դարձել պայթյունները. տուժողների մեջ հայեր կան
Սիրիայի Հալեպ քաղաքում վերջին օրերին ավելի հաճախակի են դարձել ռումբերի պայթյունները: Տեղեկատվություն կա, որ պայթյուններից տուժածների թվում կան նաև հայեր: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Բերիո թեմի մամուլի քարտուղար ժիրայր Ռեիսյանը:
«Ռումբը, որ պայթում է՝ ազգություն չի ընտրում: Այո, ակտիվացել են պայթյուններ ու հայերն էլ են տուժում: Ինչ վերաբերում է տնտեսական իրավիճակին, ինչպես և խոստացվել էր քիչ թե շատ լուծվել է սննդամթերքի խնդիրը: Միջանցք կա, որով սնունդը քաղաք է բերվում, ճիշտ է՝ առաջին օրերին այն չափազանց թանկ էր ու մարդկանց գրեթե հասանելի չէր, բայց հիմա գները մի փոքր նվազել են ու մարդիկ կարողանում են իրենց նվազագույն պահանջները բավարարել»,- ասաց Ժիրայր Ռեիսյանն ընդգծելով, որ շարունակում է խնդիր մնալ քաղաքում դիզվառելիքի պակասությունը.
«Մարդիկ մեքենաներն օրերով չեն օգտագործում, անգամ եթե շտապ մի տեղ պիտի հասնեն: Վառելիք էլ, եթե գտնվում է, ապա՝ շատ թանկ»:
Հալեպում շարունակում է խնդիր մնալ նաև հացի արտադրությունը: Ռեիսյանի խոսքով՝ թեև պետական մի շարք փուռեր շահագործվում են 24-ժամվա ընթացքում, սակայն դրանց թխած հացը չի կարողանում ապահովել 5 միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքի պահանջները. «Այնպես որ հացի խնդիրը շարունակում է արդիական մնալ»,- ասաց Ժիրայր Ռեիսյանը: