24/07/2013 11:53
Լրտեսության մեջ մեղադրվող երիտասարդները դատապարտվեցին ազատազրկման
Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նախօրեին ազատազրկման դատապարտեց լրտեսության և պետական դավաճանության մեջ մեղավոր ճանաչված Ռաֆայել Ավագյանին և Դավիթ Բարսեղյանին:
Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 22-ամյա Ռաֆայել Ավագյանը և ուսանող Դավիթ Բարսեղյանը դատապարտվեցին համապատասխանաբար 11 և 10 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ Ավագյանն ու Բարսեղյանը շուրջ մեկ տարի առաջ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում ծանոթացել են Ստամբուլում բնակվող ոմն Սամվել Ազատյանի հետ, ով ներկայացել էր որպես բարեգործական կազմակերպության անդամ, և Ավագյանից որոշակի տեղեկություններ էր խնդրել Պաշտպանության բանակի, արտակարգ պատահարների ժամանակ զոհվածների ու վիրավորների մասին, բժշկական սպասարկման և այլնի մասին:
Տեղեկությունների դիմաց Ավագյանը որպես նվեր ստացել է ձեռքի ժամացույց, այլ իրեր և շուրջ 1000 ԱՄՆ դոլար: Այդ գումարից 200 դոլարը Ավագյանը փոխանցել է Դավիթ Բարսեղյանին՝ Կովսականում սիրիահայերի լուսանկարների համար:
Ամբաստանյալներն իրենց ներկայացվող մեղադրանքը չեն ընդունել, իրենց մեղավոր չեն ճանաչել՝ փաստարկելով, թե չեն գիտակցել սեփական գործողությունների իրական նշանակությունը: