24/07/2013 20:02
Սեյրան Օհանյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 23-ից 24-ը այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստության և բարոյահոգեբանական վիճակին, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների հյուսալիությունը:
Նախարարն այցելել է նորակառույց պաշտպանական շինություններ, ծանոթացել զորամասերի շինարարական ու կառուցապատման աշխատանքներին:
Ս.Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարության հետ, տվել է հանձնարարականներ և ճշգրտել դրանց իրականացման ժամանակացույցը:
Նա նաև առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների և սպաների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ բանակում դրական միտումներ են արձանագրվել` կապված զինվորների ֆիզիկական և հոգևոր պաշտպանվածության հետ, զգալիորեն բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները:
Իսկ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում բարելավվել են նաև զորանոցների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները: