26/07/2013 11:06
ՄԻՊ-ն առաջարկում է դատապարտյալներին ներգրավվել նոր ՔԿՀ-ների կառուցմանը
Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ արդարադատության նախարարին առաջարկել է, որպես զբաղվածության միջոց, նախատեսել կալանավորված անձանց և դատապարտյալների մասնակցությունը նոր քրեակատարողական հիմնարկների կառուցման գործում` նկատի ունենալով, որ ըստ «ՀՀ քրեակատարողական համակարգի զարգացման հայեցակարգի» նախատեսվում են քրեակատարողական ծառայության ենթակառուցվածքային բարեփոխումներ, որոնց ֆինանսական ապահովումը, խոշորացված հաշվարկով, կկազմի մոտ 20 միլիարդ ՀՀ դրամ:
Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ մամուլի ծառայությունից:
Հաշվի առնելով նոր ՔԿՀ-ների կառուցման հանգամանքը՝ Պաշտպանը մեկ անգամ ևս շեշտել է, որ անհրաժեշտ է նախատեսել այնպիսի միջոցառումներ և գործողություններ, որոնք կապահովեն հաշմանդամություն ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքները:
Մասնավորապես՝ անհրաժեշտ է համապատասխան պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց կենցաղի ու խնամքի խնդիրների լուծման համար և քրեակատարողական հիմնարկները համալրել թեքահարթակներով, անվասայլակներով և այլն:
Ի թիվս այլ առաջարկների, Պաշտպանը բարձրացրել է նաև ինքնախեղման հակում ունեցող, հացադուլ հայտարարած ազատազրկվածների իրավունքների պաշտպանության համար համապատասխան միջոցների նախատեսման հարցը, ինչպես նաև իր մտահոգությունն է հայտնել, որ իրականացվող բարեփոխումների արդյունքում ՔԿՀ-ների աշխատակիցների նվազման միտումը կարող է կոռուպցիոն ռիսկերի հնարավոր առաջացման պատճառ դառնալ: