30/07/2013 15:37
Հրանտ Շահինյանն այսօր կդառնար 90 տարեկան
Այսօր` հուլիսի 30-ին, բոլորեց հանճարեղ մարմնամարզիկ և մարզական գործիչ Հրանտ Շահինյանի ծննդյան 90 տարին: Ճիշտ է, նա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց շահինյանական դպրոցով անցած հազարավոր տղաներից ու աղջիկներից շատերը շարունակում են նրա գործը և վառ պահում մեծն Շահինյանի անունն ու հիշատակը:
Շահինյանը ծնվել է 1923 թ. հուլիսի 30-ի` Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում: Վախճանվել է 1996 թ. մայիսի 29-ին` Երևանում:
Նա սպորտային մարմնամարզության ԽՍՀՄ յոթակի չեմպիոն է, ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն, Բուդապեշտում անցկացված 1949 թ. ուսանողության և երիտասարդության համաշխարհային փառատոնի բացարձակ չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, 1952 թ. օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն և բացարձակ առաջնության փոխչեմպիոն: Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ Շահինյանի ստեղծած վարժություններից մեկը կրում է «Շահինյանի պտուտան» անվանումը: Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, ՀՀ վաստակավոր մարզիչ և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի վաստակավոր գործիչ: Նրա նախաձեռնությամբ ԽՍՀՄ-ում առաջինը հիմնադրվեց օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոց: Եղել է Հայսպորտպետկոմի նախագահ և փոխնախագահ:
Շահինյանի անունով է կոչվում իր հիմնադրած մարզադպրոցը, դրան հարակից փողոցներից մեկը, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի կենտրոնական փողոցը, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարմնամարզության ամբիոնը: Մեծանուն մարմնամարզիկի կիսանդրին տեղադրված է իր անվան մարզադպրոցում և ֆիզկուլտուրային մայր բուհում:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոնը պարգևատրվել է ԽՍՀՄ աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով, արժանացել է ՄՕԿ-ի «Արդարացի խաղի ասպետ» բարձր կոչմանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Խաչատուր Աբովյան» մեդալի: ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգևներից մեկը կրում է Հրանտ Շահինյանի անունը:
Հայկական սպորտի օլիմպիական հաղթարշավի հիմքը դրվեց 1952 թ.` Հելսինկիի ամառային 15-րդ օլիմպիական խաղերում: ԽՍՀՄ հավաքականի կազմում Հայաստանը ներկայացրած մարմնամարզիկ Հրանտ Շահինյանին էր վիճակված դառնալ խաղերի ոսկե դափնեկիր և հաջողության հիմնաքարը դնող սպորտի նահապետը:
Ապշեցրեց Շահինյանի հաղթանակը: Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադարձել էր վիրավոր ոտքով` հենակով: Աննկուն մարզիկն իր մեջ ուժ գտավ դեն նետել հենակը, դրսևորել կամք ու համառություն, բուժել ոտքն ու փայլուն մրցելույթներով իր համար տեղ ապահովել ԽՍՀՄ մարմնամարզության հավաքականում, մեկնել խաղերի ու մեդալների առատ հունձք կատարել` նվաճելով երկուական ոսկե և արծաթե մեդալ: Նա անգերազանցելի էր օղակների վրա և երկրորդն էր նժույգաթափում: Մեկական ոսկե և արծաթե մեդալ էլ նա իր հաշվին գրանցեց հաջորդաբար թիմային պայքարում և բազմամարտում:
Շնորհավոր ծնունդդ, մեծ մարդ…