31/07/2013 10:00
«Էյր Արմենիան» ավիափոխադրող ընկերության կարգավիճակ է ստացել
Մոտ 20 օր առաջ «Էյր Արմենիա» ընկերությունը քաղավիացիայի վարչությունից թույլտվություն է ստացել 6 ուղղություններով թռիչքներ իրականացնելու և, փաստորեն, ավիափոխադրող ընկերության կարգավիճակ է ստացել: Այս մասին «Հրապարակ»-ին հայտնել է քաղավիացիայի մամուլի պատասխանատու Նելլի Չերչինյանը` հավաստիացնելով, որ սա ժամանակավոր թույլտվություն է, և առայժմ վաղ է պնդել, թե «Էյր Արմենիան» զբաղեցնելու է «Արմավիայի» տեղը:
Այնուհետ թերթը ներկայացրել է հարցազրույց «Էյր Արմենիայի» գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ:
-Հնարավո՞ր է, որ Դուք զբաղեցնեք «Արմավիայի» տեղը և դառնաք ազգային ավիափոխադրող:
- Չենք բացառում, որ «Էյր Արմենիան» դառնա ազգային ավիափոխադրող, բայց կլինենք, թե չենք լինի, կախված է կառավարությունից, նրանից, թե ինչ հետագա զարգացումներ տեղի կունենան ավիափոխադրումների ոլորտում:
- Խոսակցություններ կան, որ կառավարությունը հրաժարվում է երեք ավիափոխադրող ունենալու գաղափարից, և պետք է որոշվի, որ մեկը լինի: Գուցե խոսքը Ձե՞ր ընկերության մասին է:
- Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Նայած թե ինչ քաղաքականություն կիրականացվի: Եթե մի քանի ավիափոխադրողներ լինեն, գուցեև մենք լինենք դրանցից մեկը: Գիտեք, երևի, որ առայժմ խորհրդակցական ընկերություն է բացվել, որը պետք է ավիաշուկայի զարգացման վերաբերյալ խորհրդատվություն իրականացնի, որից հետո, եթե հայտարարվի ավիափոխադրողի մրցույթ, ապա կարող եմ ասել, որ մենք հաստատ կմասնակցենք: Ներկայումս 2 օդանավ ենք ձեռք բերում: Մեկը՝ «Ա-320», որը թռիչքներ կիրականացնի օգոստոսից, մյուսի վերաբերյալ դեռ բանակցությունները չեն ավարտվել: Հավանաբար, նույնպես «Ա-320» կլինի կամ «Ա-319»: Առայժմ փորձում ենք օգոստոսից կանոնավոր փոխադրումներ սկսել: Մի բան կարող եմ ասել, որ այսօր ավելի դժվար է մտնել շուկա, քան մի քանի ամիս առաջ, քանի որ երբ «Արմավիան» նոր էր դուրս եկել շուկայից, այնտեղ բաց էր առաջացել, իսկ հիմա այդ բացը մի քանի արտասահմանյան ընկերություններ են լրացրել, և մենք նորից պետք է մեր ուղևորին հետ բերենք:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: