31/07/2013 10:47
Նախկին «Փակ շուկայի» շենքը համալրվում է սարքավորումներով
«Հայկական ժամանակ»,-ը գրել է, որ Երևանի նախկին «Փակ շուկան», որը պետք է դառնա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամոյին) բոլորովին չպատկանող հերթական սուպերմարկետը, արդեն համալրվում է սարքավորումներով:
«Սպասվում է, որ սուպերմարկետը կսկսի գործել արդեն սեպտեմբերի մեկից: Այսպիսով կարելի է «Փակ շուկայի» հարցը փակված համարել: …«Փակ շուկայի» ավերումը ուղղակի ցույց տվեց, որ ցանկացած օլիգարխ Հայաստանում կարող է անել ինչ ուզենա՝ բառացիորեն ինչ ուզենա: Ընդ որում, դա կանի օրը ցերեկով՝ բոլորի աչքի առաջ: Հենց դա էլ տեղի ունեցավ «Փակ շուկայի» հետ:
…Հիմա շենքը դարձել է ամեն ինչ, բացի հուշարձանից: Եվ այս ամենը քաղաքացիական հասարակության, տասնյակ ճարտարապետների, քաղաքական ուժերի ու մամուլի բողոքների ալիքի տակ: Հատկանշական է ՀՀ Մշակույթի նախարարության ու Երևանի քաղաքապետարանի արձագանքը այդ գործընթացներին: Ընդամենը մի քանի նվնվոց, մի երկու մեղմ դատապարտող հարցազրույց ու վերջ: Դատախազության ու ոստիկանության պահվածքի մասին հիշատակելն անգամ ավելորդ է՝ հուշարձան շենքի ավերման մեկուկես տարիների ընթացքում նրանց գոյությունն ընդհանրապես չերևաց: Այնպես որ, շատ շուտով Երևանի երբեմնի խորհրդանիշերից մեկի ճակատին կփայլատակի «Երևան Սիթի» բարձր և վսեմ անունը»: