01/08/2013 19:12
Գյուղատնտեսական շուկան Կասյան փողոցում վերաբացվում է
Օգոստոսի 4-ին` այս կիրակի, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի վերին հատվածում կվերաբացվի գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառը, որը կգործի մինչև տարեվերջ՝ միայն շաբաթ և կիրակի օրերին, իսկ դեկտեմբերի վերջին տասնօրյակին կաշխատի ամենօրյա ռեժիմով: Այս մասին տեղեկացնում են Գյուղատնտեսության նախարարությունից:
Շուկան նախատեսված է 200 տաղավարի համար: Տոնավաճառին կարող են մասնակցել բացառապես սեփական արտադրանքը ներկայացնող սուբյեկտները՝ անվճար հիմունքներով: Առևտրային միջնորդների միջամտությունը բացառելու նպատակով սահմանվել են հատուկ ընթացակարգեր. մասնակցության թույլտվությունը տրվում է հատուկ տեղեկանքներով՝ միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից:
Տոնավաճառի մասնակիցներին Գյուղատնտեսության նախարարությունն անվճար կտրամադրի հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ: Տոնավաճառը կգործի Գյուղատնտեսության նախարարության, քաղաքապետարանի և ոստիկանության վերահսկողության ներքո: