01/08/2013 18:27
Վարորդներն ահազանգում են. «Չգիտենք ինչպես վճարել նոր կայանատեղիների համար»
Հուլիսի 1-ից մայրաքաղաքում գործում են կարմիր գծանշումներով վճարովի կայանատեղիներ: Մինչ այսօր կայանատեղիներից օգտվելու ու չվճարելու դեպքում քաղաքացիները չէին տուգանվում: Այսօրվանից մայրաքաղաքի վճարովի կայանատեղիներում կգործեն տեսախցիկներ, որոնք կֆիքսեն կարգազանց վարորդներին, տուգանքի չափը` 5000 դրամ:
Այսօր` արդեն իսկ, «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ն են դիմել բազմաթիվ վարորդներ` բողոքելով կայանատեղիների խնդրից:
Aysor.am-ին ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը փոխանցեց, որ վարորդները բողոքում են վճարումներից. մարդիկ չգիտեն ինչպես են վճարելու, որն է էլեկտրոնային եղանակով վճարումը, որտեղ պետք է վճարեն, այդ պահին վճարեն, թե հետո և այլն:
«Հենց կանգնում ես առաջին հինգ րոպեն չեն վճարում, 5 րոպեն անցավ պիտի վճարես, իսկ ինչպես` վարորդները չգիտեն: Զանգում ասում են՝ չգիտենք ինչպես պետք է վճարենք»,- ասաց նա և հավելեց, որ մարդիկ անգամ SMS-ներով չեն կարող վճարել, որովհետև շատ հաճախ հեռախոս չունեն, համակարգիչ չունեն: Երբ այս խնդիրները բարձրացրել են «Սիթի փարքինգ» ընկերության առջև, պատասխանել են` թող իմանան:
Է. Հովհաննիսյանին նաև զարմացրել է 5 000 դրամ տուգանքի փաստը, այդ մասին ևս հարցում է արել կայանատեղիները սպասարկող ընկերությանը, որտեղից մատնանշել են ոչ թե օրենք, այլ քաղաքապետարանի որոշումը:
Նաև պարզվել է, որ բոլոր վարորդների տվյալները կան «Սիթի Փարկինգ» ընկերության մոտ, որը նրանց փոխանցել է քաղաքապետարանը. «Քաղաքացու անձնական տվյալները գտնվում են ինչ-որ ՍՊԸ-ի մոտ, այսօր դա լուրջ հարց է»:
Նա հիշեցրեց, որ ոստիկանությունը վարորդների տվյալները փոխանցել է ԱՊՊԱ համակարգ, քանի որ համագործակցում են, իսկ այս դեպքում «Սիթի փարքինգը» ոստիկանության հետ չի համագործակցում. «Սենց լինի մարդկանց տվյալները կհատնվեն ամեն մի ՍՊԸ-ի մոտ»:
ՀԿ-ի ղեկավարը դրական է գնահատում այն, որ այժմ գիտեն, թե ուր են գնում ավտոկայանատեղիներից գոյացած գումարները` քաղաքապետարան և «Սիթի Փարկինգ», իսկ առաջ անհայտ էր, թեև շարունակվում է նախկին չթույլատրված վայրերում վարորդներից գումարների գանձումը:
Նա նաև զարմացած է, թե ինչու հենց օգոստոսի մեկից սկսեցին կիրառել տուգանքները, քանի որ նշվում էր, որ պետք է դա կատարեին սեպտեմբերի մեկից. «Հետ են կանգնում իրենց խոսքից»: