02/08/2013 12:21
«Վանաձոր» ՔԿՀ-ում միայն 2 կալանավոր է հացադուլ հայտարարել
«Վանաձոր» ՔԿՀ-ում միայն 2 կալանավոր է հացադուլ հայտարարել: Նրանք բողոքում են իրենց քրեական գործերից»: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա հերքեց այն տեղեկությունները, որ հացադուլ հայտարարած կալանավորներին պատրաստվում են միանալ ավելի քան 10 կալանավոր:
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մի քանի օր է ՀՀ Արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկում պահվող 2 կալանավոր հացադուլ են հայտարարել: Նրանցից մեկը 45-ամյա Հովհաննես Հովհաննիսյանն է, ով ՀՀ քրօրի 175 հոոդվածի 3-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 13 տարվա ազատազրկման և նա հացադուլը սկսել է հուլիսի 23-ից:
Մյուսը Լոռու մարզի «Ջրմուղ» ՓԲԸ-ի բաժնի պետ 43-ամյա Արտակ Գինոսյանն է, ով կասկածվում է 8 մլն դրամ յուրացնելու մեջ: Վերջինս էլ հացադուլը սկսել է հուլիսի 22-ից: Ըստ տեղեկությունների՝ առաջիկայում հացադուլավորների թիվը հնարավոր է ավելանա՝ հասնելով 15-ի: