03/08/2013 09:22
Սրա-նրա հրաժարականը պահանջելը, հանրահավաքները պայքարի հնացած ձևեր են
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Քաղաքապետարանի «շուստրիները», որոնք նաև գծատերեր են, որոշել են հավելյալ եկամուտներ ստանալ և ուղեվարձը դարձնել 150 դրամ: Ես չեմ վճարում այս գումարը և դրանով օրենք չեմ խախտում: Ճիշտն ասած, կարծում եմ, որ կարող եմ 100 էլ չվճարել, որովհետև չկա որևէ փաստաթուղթ (ասենք՝ ՀԴՄ կտրոն), որը կհաստատի, որ ես ծառայությունը գնել եմ 100, 50 կամ գոնե 1 դրամով:
Հերիք չի՝ աշխատում են ամբողջությամբ «սև» դաշտում, դեռ մի բան էլ ուզում են հարստանալ: Նույնքան Էֆեկտիվ միջոց է հասարակական տրանսպորտ չնստելը և մասնավոր մեքենաներով ուղևորներին տեղափոխելը՝ այդպիսով զրկելով ագահ պաշտոնյաներին (գծատերերին) եկամուտներից: Դարձյալ իմ իրավունքն է՝ օգտվել կամ չօգտվել տվյալ փոխադրամիջոցից:
Պայքարը (ոչ միայն տվյալ ոլորտում), ինձ թվում է, պետք է շարունակվի հենց այդ ուղղությամբ: Երիտասարդների երևակայությունը, իհարկե, շատ ավելի հարուստ է, քան իմը: Սրա-նրա հրաժարականը պահանջելը, հանրահավաքները, վանկարկումները, հավանաբար պայքարի փոքր-ինչ հնացած, արխայիկ ձևեր են: Ավելի ճիշտ, դրանք կարող են լինել օժանդակ մի միջոց՝ հիմնական ակցիաների համար, որոնք խփում են ուղիղ նշանակետին: Ի դեպ, հիմա քաղաքապետարանը փող աշխատելու մի նոր՝ հեշտ ձև է մտածել. կենտրոնում գրեթե ամեն տեղ կարմիր գծեր է գծել՝ հայտարարելով, թե դրանք վճարովի կայանատեղի են»: