03/08/2013 11:12
«Սթար». Մեզ սնանկացնում է «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ն
Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ «Սթար» սուպերմարկետների ցանցը շուտով դատական կարգով սնանկության գործընթաց է սկսելու, որի պատճառը բազմաթիվ մատակարարներին չվճարված պարտքերն են: Aysor.am-ն այս տեղեկատվությունը փորձեց ճշտել հենց ընկերությունից:
Մեր ուղարկված հարցմանն ի պատասխան «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ից տեղեկացրին, որ ընկերությունն իր նախաձեռնությամբ չի սկսել սնանկության գործընթացը, ավելին՝ օրենքով սահմանված կարգով, բոլոր ատյաններում վիճարկելու է իր սնանկությունը:
Aysor.am-ի հարցման պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ի պատասխան Ձեր 02 օգոստոս, 2013թ. գրավոր ուղարկված հարցմանը` տեղեկացնում ենք, որ «Սթար Դիվայդ» փակ բաժնետիրական ընկերությունն իր նախաձեռնությամբ չի սկսել սնանկության գործընթացն, այն սկսվել է «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ի` «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու դատարան ներկայացված հայցի համաձայն:
Ընկերությունը, օրենքով սահմանված կարգով, բոլոր ատյաններում վիճարկելու է սնանկության հարցը` առջևում ունենալով խնդիրները հաղթահարելու և զարգացման հստակ ծրագրեր»:
Նախորդող հրապարակում՝ «Սթար» սուպերմարկետների ցանցը հնարավոր է սնանկ հայտարարվի