03/08/2013 13:00
Վարչապետը գնացել է «Արզնի» առողջարան
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Արզնի» առողջարան, որը վերակառուցվել է ՀՀ կառավարության որոշմամբ` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելու նպատակով ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամադրված միջոցների հաշվին: Այս մասին հայտնում են կառավարությունից:
Կառավարության ղեկավարը շրջել է առողջարանի մասնաշենքերով, բուժական կաբինետներով, ծանոթացել հանգստի և բուժման կազմակերպման պայմաններին ու հնարավորություններին, վարկային միջոցների հաշվին կատարված ներդրումային և շինարարական աշխատանքներին: Տիգրան Սարգսյանը հանդիպել է նաև ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվող սոցիալական փաթեթի շրջանակում առողջարանում հանգստացող և բուժվող քաղաքացիներին, ովքեր գոհունակություն և շնորհակալություն են հայտնել առողջարանում ստեղծված պայմանների և սոցիալական փաթեթի ներդրման ծրագրի համար:
2013 թ. առողջարանը «ՓՄՁ ներդրումներ» կազմակերպությունից ստացել է 300 մլն ՀՀ դրամ վարկային միջոցներ, որից շուրջ 235 մլն ՀՀ դրամն ուղղվել է առողջարանի առաջին մասնաշենքի վերակառուցմանը: Աշխատանքներն սկսվել են 2013 թ. մարտին, ավարտվել` հուլիսին: Վերակառուցվել են ինչպես կեցության սենյակները, այնպես էլ բուժական կաբինետները: Առողջարանը բուժական նոր կաբինետներ է ստեղծել, ներկրել բուժական ժամանակակից տեխնիկա: Խորհրդային տարիներին համամիութենական համբավ ունեցող բազմապրոֆիլ համալիր-առողջարանը, նոր շունչ ստանալով, շարունակում է սիրտ-անոթային համակարգի, աղեստամոքսային տրակտի խրոնիկ հիվանդությունների, հենաշարժիչ ապարատի հիվանդութունների, նյութափոխանակության խանգարումների, շաքարային դիաբետի, ճարպային փոխանակության խանգարումների, նևրոզի և մի շարք այլ հիվանդությունների բուժումը:
Առողջարանային հանգստի ոլորտի զարգացմանը նոր շունչ է հաղորդել նաև կառավարության նախաձեռնություններից մեկը՝ սոցիալական փաթեթի ներդրումը, որի ներդրման օրվանից սկսած` «Արզնի» առողջարանում բուժվել և հանգստացել է տարեկան շուրջ 300 սոցիալական փաթեթի շահառու՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Բացի այդ, պետպատվերի շրջանակում առողջարանում իրենց բուժումն են կազմակերպում Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ: