05/08/2013 14:56
941 ընկերություններից միայն կեսն են անցել աուդիտ
Այս տարի 941 խոշոր կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 630-ը, որից 427 կազմակերպությանը տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 203-ը չեն ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 311 կազմակերպություններում աուդիտ չի անցկացվել: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը:
Փոխնախարարի խոսքով, այս տարի հունիս ամսին փոփոխություն է տեղի ունեցել, համաձայն որի, այսուհետ, այն ընկերությունները, որոնք դրական աուդիտորական եզրակացություն չեն ստացել, արգելվելու է մասնակցել պետական գնումներին, այլ պատժամիջոց նախատեսված չէ:
Խոշոր ընկերությունների գրեթե կեսը աուդիտորական դրական եզրակացություն չեն անցել, ինչը, ըստ Լ. Հունանյանի, մտահոգիչ է, սակայն կան ընկերություններ, որոնք դեռ աուդիտի փուլում են գտնվում և ցուցակները կճշգրտվեն, թեև վերջնաժամկետը օրենքով սահմանված է մինչև հուլիսի մեկը:
Այսօր կհրապարակվի բոլոր ընկերությունների ցանկը:
Նշենք, որ խոշոր են համարվում այն ընկերությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է 1 մլրդ դրամը: