06/08/2013 15:01
Է. Շարմազանով. Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ բանակցություններին
Վերջին երկու օրերին հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը բավականին լարված է: Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմից երեք զինծառայողներ վիրավորվել են: Ի՞նչ ազդեցություն են ունենում նմանատիպ քայլերը բանակցային գործընթացի վրա, ինչպիսի՞ն պետք է լինի միջազգային հանրության արձագանքն այս միջադեպին:
Այս և մի շարք հարցերի շուրջ Aysor.am-ը զրուցեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:
«Հատկապես վերջին շրջանում, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կանոնների խատման միջադեպերը բավականին ակտիվացել են: Փաստերի համադրումը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ խաղաղ բանակցությունների, այլ ամեն ինչ անում է դրանք ձախողելու համար:
Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ է, քան լուրջ հարված բանակցային պրոցեսին և արհամարական վերաբերմունք համանախագահ երկրների նկատմամբ: Սա դեմարշ էր մինչ այս՝ համանախագահ երկրների ղեկավարների կողմից հնչեցրած հայտարարություններին:
Ադրբեջանն այսպիսի քայլերով ստիպում է համանախագահ երկրներին համապատասխան քայլեր ձեռնարկել, քանի որ հակառակ դեպքում, հետևանքները կարող են անդառնալի լինել:
Էլմար Մամեդյարով-Ահմեդ Դավութօղլու վերջին հանդիպման ժամանակ անընդհատ հայտարարություններ էին հնչում, որոնք նպատակ ունեին ոչ միայն «ցեխ շպրտել» բանակցային պրոցեսի ուղղությամբ, այլ համանախագահների աշխատանքի: Նման քայլերով տարվելու փոխարեն Ադրբեջանը ճիշտ կանի իրականացնի ստանձնած պարտավորությունները ու վերջ դնի իր իմիտացիոն քաղաքականությանը»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Հարցին, թե նման սադրանքներին զուգահեռ, Ադրբեջանն անընդհատ պատերազմի սպառնալիքներ է հնչեցնում, այս իրավիճակում ի՞նչ է մտածում հայկական կողմը, Է. Շարմազանովը նշեց.
«Մեզ համար խնդիրը ռազմական ուղով լուծելն անցանկալի ճանապարհ է, որը ոչ միայն հղի է երկուստեք կորուստներով, այլ չի կարող կարգավորել խնդիրը: Ադրբեջանն ավելի լավ կանի իլյուզյաներով չապրի ու բանակցություններին մոտենա կառուցողական դիրքերից»: