06/08/2013 17:43
Ադրբեջանական սադրանքներ. Իսմայիլովան, Պիտեր Սեմնեբին, և 335 անցանկալի անձին
«Իմ տունը, իմ անկողինը կոռումպացված չեն» գրառումը կրող պաստառներով էին Խադիջա Իսմայիլովայի աջակիցները մասնակցում լրագրողի օգտին կազմակերպված բողոքի ակցիային, հայտնում է EurasiaNet.org կայքի թղթակից Գիորգի Լոմսաձեն իր «Ադրբեջան՝ սեքս, սև ցուցակներ և ձայնագրություն» հոդվածում:
Ազատություն Ռադիոկայանի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովայի անձնական կյանքին վերաբերող առաջին տեսանյութը հրապարակվել էր դեռ 2012թ, երբ լրագրողը հետաքննում էր Ալիևների կլանի ֆինանսական խարդախությունները:
Իսմայիլովային սպառնում էին խայտառակել, եթե նա չդադարեցնի հետաքննությունը: Լրագրողը չդադարեցրեց, և մինչև հիմա էլ շարունակում է Ադրբեջանում կոռուպցիոն դեպքերի բացահայտումը: Այդ պատճառով էլ վերջերս հրապարակվեց ևս մեկ տեսանյութ՝ կրկին անձնական բնույթի:
Լոմսաձեն նշում է. «Խադիջա Իսմայիլովայի անձնական կյանքին վերաբերող տեսանյութի հրապարակումը ցույց է տալիս, թե քաղաքացիական իրավունքների ինչպիսի լուրջ խնդիրների առջև է կանգնած Ադրբեջանը»:
Ադրբեջանի կառավարությունը խոստացել էր հետաքննություն սկսել, սակայն այդ հայտարարությունից հետո լռություն տիրեց, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը, արտասահմանյան և ազգային ԶԼՄ-ները շարունակում են սատարել Ւսմայիլովային:
Լոմսաձեն հեգնում է՝ ենթադրելով, որ միգուցե Ադրբեջանի կառավորությունը պարզապես ժամանակ չի ունեցել հետաքննել գործը, քանի որ այլ հարցերով էր զբաղված: «Էներգետիկ պաշարներով լի երկիրը ջանք և գումար չի խնայում միջազգային մշակութային, սպորտային և բիզնես միջոցառումներ կազմակերպելու համար: Այն փորձում է ցուցադրել, թե ինքը տարածաշրջանային ուժ է և զբոսաշրջության համար հիանալի վայր: Ավելին, այն հիանալի վայր է ընտրողների համար, քանի որ երկրում սպասվում են նախագահական ընտրություններ և պարտադրված նախագահ, ով ցանկանում է երրորդ անգամ ևս 5 տարով զբաղեցնել նույն պաշտոնը»:
Լոմսաձեն ընդգծում է, որ դա Ադրբեջանում մարդկանց սադրելու կամ սպառնալու միակ դեպքը չէ: Հեղինակը գրում է 2 այլ միջադեպերի մասին:
Վերջերս Ադրբեջանի արտաքին նախարարությունը 335 անձանց ցուցակ է հրապարակել: Այդ աձինք, ովքեր երբևէ այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այլևս չեն կարողանա մուտք գործել Ադրբեջան: Ցուցակն ընդգրկում է իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին, Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության նախկին պատվիրակ Պիտեր Սեմնեբին, բազմաթիվ գիտնականների, դիվանագետների և լրագրողների:
Հեղինակն անտարբեր չի մնում նաև Ադրբեջանում Լիտվայի դեսպան Արթուրաս Ժուրաուսկասի հետ կապված միջադեպի հանդեպ: Հեղինակը հիշեցնում է, որ Լիտվայի և Ադրբեջանի լրատվական ծառայությունները օրերս տեղեկացրել էին YouTube-ում տեղադրված հեռախոսային խոսակցության մասին, որտեղ ըստ Բաքվի հայտարարությունների՝ դեսպանն ուներ պրո-հայկական տրամադրություններ:
Արդյունքում ձայնագրությունը համարվեց սադրանք, իսկ դեսպան Ժուրաուսկասը հրաժարական տվեց: Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ հրաժարականը դեսպանի սեփական որոշումն է եղել և որ այն դեռ կշարունակի հետաքննել հարցը: