12/08/2013 22:43
Հայ ռազմագերին «հարցազրույց է տվել» ադրբեջանական հեռուստաընկերությանը
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնագծում և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք «հարցազրույց է տալիս ադրբեջանական ANS հեռուստաալիքին»։
Ըստ ադրբեջանական հեռուստաընկերության՝ տեսանյութում Հ. Ինջիղուլյանը ներկայացնում է կատարվածը:
Իսկ ավելի վաղ Ադրբեջանի գերիների, ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովը հայտարարել էր․ «Ճշտվել է, որ գերին մոլորվել է և անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք»։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց․ «Ադրբեջանում հերթական անգամ դիմել են իրենց մեթոդներին։ Նրանք վարպետացել են նման գործերում։ Բայց նույնիսկ այսպիսի հայտարարություններից հետո հայկական կողմը վստահեցնում է, որ պատրաստ է ընդունել իր քաղաքացուն, և նրա քայլերը որևէ իրավական հետևանք չեն ունենա»։
Արծրուն Հովհաննիսյանն ավելացրեց, որ սա միջազգային կոնվենցիաների խախտում է, բայց Ադրբեջանից սպասելի էր նման քայլ։
Ավելացնենք, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցներին դեռ չի հաջողվել այցելել Հակոբ Ինջիղուլյանին՝ մինչև օգհոստոսի 11-ը ոչ աշխատանքային օրեր լինելու պատճառաբանությամբ, իսկ այսօր, թե նման ընթացակարգերի համար ժամանակ է պետք։