19/08/2013 11:02
WikiLeaks 400 գիգաբայթ ինֆորմացիա է հրապարակել
WikiLeaks-ը նոր փաստաթղթերի խմբաքանակ է հրապարակել: 400 գիգաբայթ ինֆորմացիան հասանելի է ցանկացած մարդու համար, սակայն գաղտնի ֆայլերը պաշտպանված են բանալիով, որը WikiLeaks-ը խոստանում է «բաժանել», եթե կազմակերպության ներկայացուցիչներից որևէ մեկին վնաս հասցնեն:
Սոցցանցերում WikiLeaks-ը տեղադրել է հղում, որտեղից կարելի է ներբեռնել փաստաթղթերը, սակայն օգտատերերը չեն կարող բացել դրանք՝ առանց գաղտնաբառի, որը WikiLeaks-ը պահել է իր աշխատակիցների ու հատկապես Ջուլիան Ասանժի և Էդվարդ Սնոուդենի անվտանգության համար: Այս մասին տեղեկանում ենք russian.rt.com կայքից:
Կազմակերպությունը օգնել է Սնոուդենին բանակցություններ վարել նրան Ռուսաստանում քաղաքական ապաստան տրամադրելու հարցում:
ԱՄՆ իշխանությունները Սնոուդենին մեղադրում են գաղտի ինֆորմացիա հրապարակելու և պետական գաղտնիք գողանալու մեջ:
ԿՀՎ նախկին աշխատակից Սնոուդենը WikiLeaks-ին է փոխանցել գաղտնի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ ԱՄՆ կառավարությունը հատուկ ծրագրի միջոցով լրտեսում է իր քաղաքացիներին:
WikiLeaks-ը անհանգստացել է Ասանժից ազատվելու կոչից հետո: Օրերս Time ամսագրի լրագրող Մայքլ Գրյունվալդը Twitter-ի իր էջում հայտարարել էր, որ չի համբերում գրել անօդաչու սարքի մասին, որը կվերացնի Ասանժին: Time-ի աշխատակազմը արձագանքել է սկանդալային հայտարարությանը. «Մայքլ Գրյունվալդը իր բլոգում վիրավորական գրառում է հրապարակել, որն առնչություն չունի ամսագրի դիրքորոշման հետ»:
«Նա զղջում է այդ հայտարարության համար, արդեն հեռացրել է»,- հավելել է ամսագրի խոսնակը: Միևնույն ժամանակ բազմաթիվ օգտատերեր կոչ են արել հրաժարվել այս ամսագրից: