20/08/2013 09:24
Փաստաբանների պալատի նախագահը ցանկանում է, որ իրեն փոխարինի Արա Զոհրաբյանը
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ սեպտեմբերի 14-ին կայանալիք ընտրությունները, կարծես թե, սպառնում են բավական աղմկոտ լինել: Փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, որն այսօր պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել «Ժողովուրդի» թղթակցի հետ զրույցում ասել է, թե ութ տարի շարունակ ՓՊ-ում փաստաբանները տարանջատված են յուրայիների և օտարների, ու բոլոր գործողումներին մասնակցում են ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանի մտերիմները: Ավելին, նա հայտնել է, թե Ռ.Սահակյանն ուզում է, որ իր իրավահաջորդը լինի ՓՊ փոխնախագահ Արա Զոհրաբյանը:
Ռ. Սահակյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հաստատել է Զոհրաբյանին որպես իրավահաջորդ տեսնելու մասին լուրը: Իսկ անձամբ Զոհրաբյանը ձեռնպահ է մնացել այդ հարցին պատասխանելուց, միայն ասել է, թե ՓՊ փոխնախագահի և խորհրդի անդամի պաշտոններից հրաժարական է տվել, որպեսզի հավասար պայմաններում մասնակցի ընտրություններին: