22/08/2013 17:56
1993 թ.-ի օգոստոսի 22-ին Արցախի պաշտպանության ուժերը ազատագրեցին Ֆիզուլին
20 տարի առաջ այս օրը՝ 1993 թվականի օգոստոսի 22-ին, Արցախի պաշտպանության ուժերի կողմից ազատագրվեց ներկայիս վարչական բաժանմամբ՝ ԼՂՀ Հադրութի շրջանի մաս կազմող Ֆիզուլի քաղաքը և համանուն շրջանի մի մասը (պատմական Վարանդան)։
1993-ի ամռանը հայկական ԻՊՈՒ ստորաբաժանումներին հաջողվեց հսկողության տակ վերցնել հակառակորդի ամենավտանգավոր ռազմական հենակետ Աղդամ քաղաքը՝ դրանով ռազմական ու բարոյահոգեբանական մեծ հարված հասցնելով նրան։
Կորցրածը հետ բերելու նպատակով ադրբեջանական հրամանատարությունը հարվածի հիմնական ծանրությունը փոխադրեց հարավարևելյան և հարավային ճակատ՝ Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի և Զանգելանի ուղղություններ։ Հակառակորդն ակտիվացել էր նաև Հադրութի ՊՇ ուղղությամբ:
Ուստի ԼՂՀ ԻՊՈւ հրամանատարությունը շահագրգռված էր Հադրութի շրջանում պաշտպանական մարտերով հյուծել հակառակորդի հարվածային խմբավորումները, անցնել վճռական հակահարձակման ու լուծել հարավարևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգության խնդիրը։
Օգոստոսի 22-ին, 1-ին և 2-րդ ՊՇ ստորաբաժանումների ճնշման տակ, ադրբեջանական 160-րդ գնդի զորամասերն ու բրիգադը հարկադրված թողել են Ֆիզուլի քաղաքը և շրջանը (շուրջ 1380 քկմ)։
ՊԲ-ի ստորաբաժանումները հաջողությամբ գործել են նաև Ջաբրայիլի ուղղությամբ։ Օգոստոսի 23-ին Կենտրոնական և 1-ին ՊՇ-ները գրավել են Լենքորանի գումարտակի կողմից պաշտպանվող Ջաբրայիլ շրջկենտրոնը, իսկ օգոստոսի 25-ին ՊԲ-ի վերահսկողության տակ է անցել համանուն շրջանի տարածքը (1050 քկմ)։
ՊԲ-ի կենտրոնական շտաբի ցուցումով` Կուբաթլուի ռազմավարական նշանակության հենակետերը ոչնչացնելու նպատակով այնտեղ են կենտրոնացվել 1-ին, 2-րդ, 4-րդ և Կենտրոնական ՊՇ-ների ստորաբաժանումները։
Ազատամարտիկները խաչաձև գրոհներով մտել են Կուբաթլու և վերահսկողության տակ առել համանուն շրջանի հյուսիսային տարածքները։
1993-ի սեպտեմբերի սկզբին արդեն ղարաբաղյան ուժերը ռազմաճակատի որոշ հատվածներում գտնվել են Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանից 4–5 կմ հեռավորության վրա:
Հադրութի շրջանի ազատագրման, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի շրջանների կրակակետերի ճնշման օգոստոսյան ռազմագործողությունը ռազմաքաղաքական մեծ նշանակություն ունեցավ։ Վերացվեցին ԼՂՀ արևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղու վրա կախված մշտական սպառնալիքը, վնասազերծվեցին Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի վտանգավոր ռազմակայանները, ջախջախիչ պարտության մատնվեցին այդ շրջաններում կուտակված թշնամական խմբավորումները։