23/08/2013 17:15
Օֆշորի գործ. Հայրապետյանին առերեսման չեն կանչել, բայց դա նրան չի մտահոգում
Գործարար Փայլակ Հայրապետյանին դեռևս գործարարների հետ առերեսման չեն կանչել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փ. Հայրապետյանը:
Նրա խոսքով` առերեսում չի արվել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, սակայն ինքը քննության ընթացքից գոհ է:
«Նորմալ ընթանում է քննությունը, անհրաժեշտ ամեն ինչ արվում է»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչ նկատի ունի:
Նա նաև նշեց, որ առայժմ իրեն հայտնի չէ որևէ փորձաքննության պատասխան, ինչպես նաև՝ «Ամերիաբանկին» ուղղարկված իր նամակի պատասխանը:
Aysor.am-ի հարցին` արդյոք իրեն դա չի՞ մտահոգում, նա պատասխանեց՝ ոչ, քանի որ թե՛ «ՀՀ գլխավոր դատախազը, թե՛ ՀՀ ոստիկանապետը արդար քննության կողմնակից են»: Նա, սակայն, նշեց, որ անձամբ իրենցից որևէ անգամ այս հարցի վերաբերյալ որևէ խոստում չի ստացել:
Aysor.am-ի որոշ տեղեկությունների համաձայն` Փ. Հայրապետյանի «Ակվամարին լայթ» ընկերությունը գնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
Փ. Հայրապետյանը նշեց, որ ճանաչում է Մ. ՍԵդրակյանին և չի կարծում, որ նա ընդունակ է դրան:
Նախորդող հրապարակում` Փայլակ Հայրապետյան. Իսկ ինչո՞ւ է վարչապետը հարցում ուղարկում
Փայլակ Հայրապետյան. Վարչապետը կլինի, թե Կճոյանը, ինձ գցել են