23/08/2013 13:24
ԵՄ, թե՞ Մաքսային միություն․ Պուտինը շարունակում է սպառնալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացնում է Ուկրաինային, որ կձեռնարկի «պաշտպանական միջոցներ», եթե Ուկրաինան ստորագրի Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիրը։
Նախօրեին Ուկրաինայի արևելյան սահմանին գտնվող Դոնի Ռոստովում անցկացված տնտեսական ֆորումի ժամանակ Պուտինն ասաց․ «Եթե մեր հարևանները զգալիորեն ազատականացնեն մաքսային կանոնակարգերը Եվրամիության հետ, ուկրաինական շուկան անխուսափելիորեն կողողվի բարձրորակ ապրանքներով և ուկրաինական ապրանքները դուրս կմղվեն շուկայից։ Այնուհետև Մաքսային միության անդամ երկրները պետք է մտածեն պաշտպանական միջոցների ձեռնարկման մասին։ Այդպիսի հնարավորություն գոյություն ունի»։
Նշենք, որ Մաքսային միության մեջ մտնում են Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը։
Մոսկվան, սակայն, ցանկանում է, որ Մաքսային միության մեջ մտնեն նաև Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Կիրգիզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուկրաինան և Ուզբեկստանը և միությունն առաջիկա տարիներին փոխակերպել Եվրամիության տիպի «Եվրասիական միության»։
Մյուս կողմից, Եվրամիությունն առաջարկում է Ուկրաինային ստորագրել քաղաքական ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրերը նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում։
Հիշեցնենք, որ Պուտինի մեկնաբանությունները հետևեցին Ռուսաստանի կողմից ուկրաինական ապրանքների վրա նոր ստուգումների կիրառումից հետո։
Ինչպես գրում է EUobserver-ը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտնվել է բարդ իրավիճակում։
Եթե Յանուկովիչը գնա Պուտինի դեմ, նա վտանգում է հաջորդ նախագահական ընտրություններում հաղթելու հնարավորությունը։ Սակայն, եթե միանա Մաքսային միությանը, վտանգում է Ուկրաինայի ինքնիշխանությունը։
Նախորդող հրապարակումներ՝ Եվրամիությունը զգուշացնում է ՌԴ-ին՝ չճնշել Ուկրաինային
ՌԴ-ն Ուկրաինայի համար «ինքնասպանություն» է համարում ԵՄ-ի հետ գործարքները