23/08/2013 15:32
Էրդողանը լացել է ուղիղ եթերում (Տեսանյութ)
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լաց է եղել հեռուսատեսության ուղիղ եթերում: Նրան հուզել է «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարներից մեկի` հայտնի քաղաքական գործիչ Մոհամեդ Էլ-Բելթագիի հրաժեշտի նամակը` ուղղված 17-ամյա դստերը` Էսմային, ով զոհվել էր Եգիպտոսում տեղի ունեցող բախումների ժամանակ:
Էրդողանն ասել է, որ նամակը լսելիս՝ իր երեխաներին է հիշել:
«Նման ապրումներ ես էլ եմ ունեցել: Աշխատանքի պատճառով գիշերները ուշ էի տուն գալիս: Եվ, բնականաբար, երեխաներս քնած էին լինում: Մի օր էլ եկա և տեսա, որ աղջիկս ննջարանիս դռան վրա մի գրություն էր թողել`«Գոնե մի երեկո էլ մեզ նվիրի»»,- պատմել է Էրդողանը և ի վիճակի չի եղել շարունակել խոսքը, ինչի պատճառով էլ հեռուստահաղորդումն ընդհատվել է:
Նշենք, որ 17-ամյա Էսման սպանվել էր Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի ազատ արձակման պահանջով նստացույցի ժամանակ: Աղջիկը մահացել է կրծքին ստացված հրազենային վնասվածքից: