23/08/2013 18:08
Հրաչյա Հարությունյանը դեռևս չի հարցաքննվել
Հրաչյա Հարությունյանը դեռևս չի հարցաքննվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հ. Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Նրա խոսքով` Հարությունյանը դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ և մի շարք հանգամանքներով, այդ թվում` հոգեկան վիճակով պայմանավորված` առայժմ չի հարցաքննվել:
Հարցին, թե ավելի վաղ ձեր խոսքում նշել եք, որ Հ. Հարությունյանին դատարան կանացի խալաթով բերելը համակարգային անտարբերության նշան է, նման անտարբերություն այս գործի նկատմամբ այժմ էլ եք նկատո՞ւմ, փաստաբանը պատասխանեց. «Որևէ բան չի փոխվել այդ ժամանակվանից: Փոփոխություններ են անհրաժեշտ, որ չկրկնվի հետագայում այն, որ կասկածյալը այդ տեսքով բերվի դատարան, անկախ նրանից, թե ինչ հանցանք է գործել»,- ասաց նա:
Փաստաբանը չմեկնաբանեց այն, թե ինչ քայլեր է պատրաստվում իրականացնել, սակայն նշեց, որ այս երկուշաբթի ակնկալում է ստանալ քննիչին ուղարկված իր միջնորդության պատասխանը` պաշտպանյալի հետ ամենօրյա աշխատանքի մեջ թարգմանիչ ներգրավելու հետ կապված:
Հ. Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հոր հետ կապված որևէ լուր չունեն, իսկ ՌԴ-ում գտնվող Հ. Հարությունյանի եղբոր` Հարություն Հարությունյանի հեռախոսահամարը երկու օր է` անջատված է:
Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանը մեղադրվում է Նոր Մոսկվայում 18 հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով:
Ավելի վաղ դատարանը որոշում է կայացրել 2 ամիս ժամկետով «Կամազի» վարորդ Հ. Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ:
Նախորդող հրապարակում` Հրաչյա Հարությունյանը գտնվում է «Բուտիրկայի» հոգեբուժական բաժանմունքում