23/08/2013 12:23
Իսրայելական բանակը հարվածել է Լիբանանին
Իսրայելական բանակը, ի պատասխան նախօրեին Լիբանանից արձակված 4 «կատյուշա» հրթիռների, այսօր հարվածել է Բեյրութի հարավում գտնվող Էն-Նիմե շրջանի ռազմաբազաներին:
Իսրայելի բանակի մամուլի խոսնակ Փիթր Լերները տեղեկացրել է, Իսրայելի վրա կատարված հրթիռային հարձակման պատասխանատվությունը պետք է կրեն Լիբանանի իշխանությունները: Լերները նշել է, որ իսրայելական բանակը շարունակելու է իր պետության ու ժողովրդի պաշտպանության համար անհրաժեշտ քայլեր և չի հանդուրժելու Լիբանանի ահաբեկչական որևէ հարձակում:
Լիբանանում մարդկային կամ նյութական կորուստների մասին տեղեկություններ դեռ չկան:
Լիբանանի հեռուստաընկերություններից մեկով ելույթ ունեցած Պաղեստինի ժողովրդի ազատագրության ճակատի բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչները պնդել են, որ Իսրայելի վրա նախօրեին արձակված հրթիռները ոչ թե Լիբանանի իշխանությունների, այլ Ալ-Քաիդայի ցանցին պատկանող սունիական խմբավորման ձեռքի գործն են եղել: