27/08/2013 14:54
Օբաման Սիրիայում կբավարարվի կարճատև հրթիռակոծությամբ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր չէ Սիրիայում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել: Սկզբի համար նա կբավարարվի կարճատև և սահմանափակ հրթիռակոծությամբ, եթե իհարկե հաստատվի կառավարական զորքերի կողմից քիմիական զենք կիրառելու փաստը: Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում կատարելով նախագահի աշխատակազմում ունեցած աղբյուրին:
Այդ հարձակումները, հավանաբար, տևելու են երկու օր, իսկ հրթիռներ արձակվելու են ծովից, սակայն չի բացառվում, որ գործի դրվեն ստրատեգիական ռմբակոծիչներ:
Այս ամենը, սակայն, կախված է երեք գործոնից: Նախ ԱՄՆ իշխանությունները պետք է ունենան բավարար հետախուզական տվյալներ՝ քիմիական զենքի կիրառման հարցում Սիրիայի իշանությունների մեղավորությունը գնահատելու համար, խորհրդակցությունների անցկացնեն Կոնգրեսում և դաշնակիցների հետ, ու միջազգային իրավունքի շրջանակում այն հիմնավորելու վճռականություն ունենան:
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են կրակ բացել այն բանից հետո, երբ համապատասխան հրաման ստանան: Թևավոր հրթիռներով զինված նավերն արդեն դուրս են եկել իրենց դիրքեր, քանի որ քիմիական հարձակումից անմիջապես հետո Օբաման Պենտագոնին հրամայել են պատրաստվել դեպքերի ցանկացած զարգացմանը: