28/08/2013 12:07
Փորձագետ. Վրաստանում դավանական փոքրամասնություններին միշտ վատ են վերաբերվել
«Ոստիկանների և գյուղի բնակիչների միջև տեղի ունեցած բախումներն, ամենայն հավանականությամբ, սադրանք են»,- այս մասին Aysor.am-ի հետ զրույցում նշեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը` մեկնաբանելով օգոստոսի 26-ին Վրաստանի Սամցխե-Ջավախքի Ադիգենի շրջանի Ճելա գյուղում տեղի ունեցած միջադեպը, երբ մինարեթի ապամոնտաժման ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հավատացյալների միջև, որոնցից 21 հոգի բերման էին ենթարկվել ոստիկանության Ախալցխայի բաժին:
«Այն ինչ տեղի ունեցավ երեկ Սամցխե-Ջավախքի Ադիգենի շրջանի Ճելա գյուղում, ամենայն հավանականությամբ, կազմակերպված էր որոշ անձանց կամ ուժերի կողմից, այն ուժերի, որոնք դեմ են գործող իշխանություններին և ամեն գնով փորձում են ցույց տալ, որ երկրում անկարգություններ են տիրում, և իշխանությունները չեն վերահսկում իրավիճակը»,- նշեց փորձագետը:
Էրոյանցը նշեց, որ հոկտեմբերին Վրաստանում անցկացվելու են նախագահական ընտրություններ, և որքան մոտենա այդ ժամանակահատվածը, այնքան իրավիճակը կարող է լարվել, քանի որ իշխող «Վրացական երազանք» կոալիցիան փորձելու է առավելագույն ձայներն ապահովել նախագահի իր թեկնածուի համար, ինչին էլ ամեն կերպ խոչընդոտելու են նախկին իշխանությունները` նախագահ Սաակաշվիլիի գլխավորությամբ, իհարկե, ոչ բռնի ուժով, այլ սադրանքների և, այսպես կոչված, «սև PR»-ի միջոցով:
«Ընդհանրապես Վրաստանում դավանական փոքրամասնությունների նկատմամբ բացասական վերաբերմունքը միշտ առկա է եղել: Մի քանի դեպք արձանագրվել է նաև վերջին ամիսներին, մասնավորապես 2012 թ. հոկտեմբերին Լանչխութի շրջանի Նիգվզիանի գյուղում, նոյեմբերի 30-ին Թեթրիծկարոյի Ծինծկարո գյուղում, ս.թ. մայիսին Դեդոփլիսծկարոյի շրջանի Սամթածկարո գյուղում, երբ բախումներ էին տեղի ունեցել քրիստոնյաների և մահմեդականների միջև: Իսկ օգոստոսի 26-ի դեպքը, ըստ իս, սադրանք էր»,- նշեց փորձագետը:
Նշենք, որ Սամցխե-Ջավախքի Ադիգենի շրջանի Ճելա գյուղում մինարեթի ապամոնտաժումն իրականացրել է մաքսային կոմիտեն, քանի որ խնդիրներ են ծագել վերոնշյալ կառույցի շինարարության համար անհրաժեշտ, Թուրքիայից ներմուծված մետաղական մասի մաքսազերծման արժեքի որոշման հարցում: