28/08/2013 13:57
Մահացել է ֆրանսահայ նկարիչ Ժան Ժանսեմը
Ֆրանսիայում 93 տարեկանում մահացել է ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժան Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան): Այս մասին Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը տեղեկացրել են նրա հարազատները:
Նկարիչը ծնվել է 1920 թ.-ին Թուրքիայում: 1922 թ.-ին՝ հետապնդումների պատճառով, Սեմերջյանների ընտանիքը մեկնում է Հունաստան:
1931 թ.-ին՝ հոր մահից հետո, Ժանը տեղափոխվում է Ֆրանսիա:
Ժանսեմի աշխատանքների առաջին ցուցադրությունը կազմակերպվել է 1944 թ.-ին: Քննադատները նրան «թշվառների, մերժվածների ու դժբախտների երգիչ» էին անվանում:
1978 թ.-ից նկարչի աշխատանքները մշտապես ցուցադրվում են «Մոտինյոն» ընտանեկան ցուցասրահում, ինչպես նաև Ֆրանսիայի ու այլ երկրների հայտնի ցուցադրություններում: Ժանսեմի արվեստի նվիրված երկու թանգարան է գործում Տոկիոյում:
Ժանսեմը բազմաթիվ գրքերի նկարազարդումների հեղինակ է, որոնց թվում են Բոդլերի, Սերվանտեսի, Վիյոնի, Կամյուի ու Գարսիա Լորկայի ստեղծագործությունները:
2002 թ.-ի ապրիլին նկարիչը Հայոց ցեղասպանության պատմության թանգարարնին 34 կտավ է նվիրել, որոնց վրա պատկերված են ջարդերի տեսարաններ: Նույն տարվա մայիսին Ժանսեմին Մեսրոպ Մաշտոցի շքանշան է շնորհվել: