28/08/2013 13:44
Ոստիկանությունը՝ ՄԻՊ-ին. Ձեր կողմից հապճեպ գնահատականներ տալը մտահոգիչ է
ՄԻՊ խորհրդական Աննա Սաֆարյանը հայտարարություն է տարածել Կոմիտասի պողոտայում «լրագրողների տեսախցիկի ֆիքսած» դրվագի վերաբերյալ, երբ, ըստ իրեն՝ ոստիկանը «թիկունքից փաթաթվել» ու համբուրել է «քաղաքացիական պայքարի մասնակցող կնոջ» պարանոցը:
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի փոխանցմամբ՝ խորհրդականի եզրահանգումը միանշանակ է՝ «Նման երևույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով: Պահանջում ենք…» և այլն, և այլն:
«Երբ քաղաքացիներն են շտապում կարծիք հայտնել այս կամ այն երևույթի վերաբերյալ, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պես հեղինակավոր կառույցի ներկայացուցիչն է հապճեպ գնահատական տալիս ու կանխակալ վերաբերմունք արտահայտում, մտահոգիչ է:
Խորհրդականի հայտարարությունից երկու օր առաջ արդեն իսկ տեղեկացրել էինք, որ տեսագրությունն ուսումնասիրվում է: Ոստիկանության պետի ցուցումով՝ ոստիկանության հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Եզրակացությունները կկատարվեն լիարժեք և ամբողջական ուսումնասիրությունների հիման վրա:
Ոստիկանությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ հավատարիմ է իր ռազմավարությանը. ոստիկանության ծառայողի ցանկացած գործողություն, որ դուրս է իր լիազորությունների շրջանակներից, կարժանանա համարժեք գնահատականի»,-ասված է հայտարարության մեջ: