28/08/2013 15:18
Հայաստանից ոչխարի միս կարտահանվի Իրան և արաբական երկրներ
Ներկայումս Հայաստանում կա շուրջ 650-680 հազար գլուխ ոչխար, որը 10-15 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի. Հայաստանի արոտավայրերը թույլ են տալիս եռապատկել կենդանիների թվաքանակը. Խորհրդային տարիներին Հայաստանում կար շուրջ 1.5 մլն գլուխ ոչխար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը նաև նշեց, որ Հայաստանը հնարավորություն ունի տարեկան արտահանել 250-280 հազար գլուխ ոչխար, իսկ երկու սպանդանոցները` Սյունիքի մարզում և Կոտայքի մարզում, թույլ կտան արտահանումը կազմակերպել մսամթերքի տեսքով:
Կոտայքի մարզի Զորավան համայնքում գտնվող սպանդանոցը, որը շուտով կգործարկվի, հնարավորություն ունի օրական 600 մանր եղջերավոր կենդանու մորթ կազմակերպել. «Սպանդանոցներն արդիական են, անհրաժեշտության դեպքում ծավալները կավելենան»,- ընդգծեց Ս. Կարապետյանը:
Նախատեսվում է ոչխարի միս արտահանել Իրան և արաբական երկրներ: