29/08/2013 18:25
ԵԽ Միջմշակութային երկխոսության կրոնական հանդիպումը կանցկացվի ՀՀ-ում
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում սեպտեմբերի 2-3-ը ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա 2013թ.-ի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության հանդիպումը` «Կրոնի ազատությունը այսօրվա աշխարհում. մարտահրավերներ և երաշխիքներ» խորագրով:
Հայաստանի Հանրապետությունը ներառել է միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խրախուսման հարցը ԵԽ Նախարարների կոմիտեում իր նախագահության (16 մայիս - 13 նոյեմբեր 2013) հիմնական գերակայությունների մեջ` նպատակ ունենալով նոր թափ հաղորդելու անհանդուրժողականության դեմ պայքարին և խթանելու կրոնի ազատությունը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կբացեն միջոցառումը:
Բարձրաստիճան հոգևոր առաջնորդներ, ոչ կրոնական համոզմունքների ներկայացուցիչներ, մարդու իրավունքների փորձագետներ և լրատվամիջոցների մասնագետներ կկիսեն իրենց տեսակետները երեք թեմատիկ քննարկումների և լիագումար նիստերի ժամանակ։
Թեմատիկ քննարկում I
«Կրոնի, խղճի և մտքի ազատությունը որպես հիմնարար իրավունք արդի հասարակություններում»
Թեմատիկ քննարկում II
«Կրոնական փոքրամասնություններին պատկանող անձանց, հավատացյալների և ոչ հավատացյալների պաշտպանություն և նրանց ներդրումը անհանդուրժողականության, խտրականության և ատելություն սերմանող խոսքի դեմ պայքարում ` կրոնի ազատության համատեքստում»
Թեմատիկ քննարկում III
«Հետագա գործողությունների ուղիները Եվրոպայում և նրա սահմաններից դուրս. կրոնի և համոզմունքների վերաբերյալ երիտասարդների կրթության և իրազեկման բարձրացում, երկխոսություն և համագործակցություն կրոնական և ոչ կրոնական ներկայացուցիչների հետ և նրանց միջև»: