29/08/2013 10:26
Ֆինանսական բուրգի գործով ձերբակալված կա
ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստեղծված և նրանց ղեկավարությամբ տարիներ շարունակ գործած ֆինանսական բուրգի հայտնի գործը, որի շրջանակներում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներից մոտ 2.5 միլիոն դոլար էր «հավաքագրվել», ըստ ամենայնի, գտնվում է կոծկման փուլում. գրել է «Հայկական ժամանակ»-ը հավելելով՝ երեկ Հատուկ քննչական ծառայությունից թերթի թղթակցին հայտնել են, որ այդ գործով կա մեկ ձերբակալված, սակայն անունը և գործի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնել:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ձերբակալվածը ոմն Ա. Ա-ն է, ով փաստացի կառավարել է նշված ֆինանսական բուրգը: Նա նաև «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում գործող փոխանակման կետերի համակարգողն է: Միևնույն ժամանակ թերթին հայտնի է դարձել, որ ՀՔԾ-ն այլ անձանցից 2.5 միլիոն դոլարի գումար հավաքած ու «սկած» այս բուրգին վերագրում է ընդամենը մոտ 25 հազար դոլարի գումար: Այսինքն, իբր բուրգը այլ անձանցից յուրացրել է ընդամենը 25 հազար դոլար: Բազմաթիվ անձինք, որոնցից գումար է վերցրել այս կառույցը, գործով չեն երևում: Տուժող չի ճանաչվել նույնիսկ այն քաղաքացին, որը առաջինն է դիմում ներկայացրել իրավապահներին այս կառույցի գործունեության մասին և մոտ 50 հազար դոլար է կորցրել:
«Ամենայն հավանականությամբ՝ ձերբակալվածը կփոխհատուցի նշված 25 հազար դոլար գումարը և քրգործը կփակվի: Այս գործի շրջանակներում, հիշեցնենք, ժամանակին, զբաղեցրած պաշտոնից ազատվեց Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Նույն գործով անցնող Գյումրիի ոստիկանապետ Կարեն Բաբկեխյանը նույնիսկ պաշտոնից չազատվեց: Մի խոսքով, ակնհայտ է, որ ֆինանսական բուրգի գործը փակվում է և բարձրաստիճան որևէ ոստիկան դրա համար լուրջ պատիժ չի կրելու»,-գրել է թերթը: