29/08/2013 10:06
Շիրակի մարզի դատախազի դեմ գործ է հարուցվե՞լ
Հատուկ քննչական ծառայությունում օրերս, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, գործ է հարուցվել Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի դեմ: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի Գյումրիի աղբյուրներից հայտնի է դարձել, որ դատախազին նույնիսկ մեղադրանք է առաջադրվել: Սա առաջին դեպքն է, երբ գործ է հարուցվում և մեղադրանք առաջադրվում գործող դատախազին:
Քրգործի առիթը եղել է Գյումրիի բնակչուհի 60-ամյա Գոհար Հովհաննիսյանի`ոստիկանություն ներկայացրած բողոքը: Բանն այն է, որ Գ. Հովհաննիսյանն իր տնակից կատարած գողության առթիվ հարուցված քրեական գործի ճակատագիրն իմանալու համար հունիսի 25-ին հանդիպել է Կարեն Շահբազյանի հետ: Սակայն, ինչպես ԶԼՄ-ներին տեղեկացրել է 60-ամյա կինը, դատախազը աթոռին նստելու համար վիրավորել է իրեն և աշխատակիցներին հրահանգել «դուրս շպրտել» շենքից:
Դատախազի դեմ ՀՔԾ-ում գործ հարուցելու լուրը ճշտելու նպատակով թերթը դիմել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանին, ով, սակայն, ասել է.«Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»: ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանն էլ վկայակոչել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ու ասելով՝ հարցն ուղարկեն գրավոր: