29/08/2013 19:40
Տիգրան Սարգսյանը և Վրաստանի փոխվարչապետը հանդիպել են
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մեծապես կարևորելով Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը՝ վարչապետը նշել է. «Մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել՝ երկկողմ կապերի զարգացման և ընդլայնման համար: Դա բխում է մեր ժողովուրդների շահերից: Պետք է ստեղծենք ընդհանուր տարածք, որտեղ մեր ժողովուրդները կգործեն ազատ, կհամագործակցեն տարբեր ոլորտներում, ինչը կստեղծի տնտեսական կապերի խորացման մեծ հնարավորություններ»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ առկա է երկկողմ փոխըմբռնում բոլոր հարցերում, ինչը հայ-վրացական եղբայրական փոխգործակցության զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է:
Շնորհակալություն հայտնելով Տիգրան Սարգսյանին ընդունելության համար՝ Վրաստանի փոխվարչապետը նշել է, որ Վրաստանի իշխանությունները ևս շահագրգռված են Հայաստանի հետ փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման, տարբեր ոլորտներում կապերն ավելի սերտացնելու գործում:
Այդ համատեքստում, ՀՀ վարչապետը և Գեորգի Կվիրիկաշվիլին քննարկել են տրանսպորտային հաղորդակցության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և մաքսային բնագավառներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի միջև ուղիղ ավիաչվերթերի վերականգնմանն առնչվող հարցեր:
Կողմերը կարևորել են նաև հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն անցկացնել մոտ ապագայում: