29/08/2013 16:19
Խաչիկյանի գործով վկան մահացել է
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստում լրացուցիչ հարցաքննվեց Գյումրու սոցիալական ապահովության տարածքային պետ վկա Էդուարդ Վարժապետյանը, ով սույն գործի անջատված մասով անցնում է որպես մեղադրյալ:
«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ նրան լրացուցիչ հարցաքննելու միջնորդությամբ հանդես էր եկել պաշտպանական կողմը՝ վկաներ Էդուարդ Վարժապետյանի և Արթուր Աբրահամյանի ցուցմունքներում էական հակասություն տեսնելով:
Հիշեցնենք, որ վկան նախորդ հարցաքննության ժամանակ նշել էր, որ 2010թ. Խաչիկյանը զանգահարել է իրեն և ասել, որ իրենց տարածքում կենսաթոշակների կրկնակի վճարումներ են եղել, պարզեն, թե ինչպես է եղել և իրեն վերադարձնեն այդ գումարները: Վկան հայտնեց, որ Գյումրու սոցիալական ապահովության տարածքային օպերատոր Արթուր Աբրահամյանը խոստովանել է, որ իր մեղքով են եղել կրկնակի վճարումները: Ա. Աբրահամյանը 3 օրվա ընթացքում վկային է փոխանցել 20 մլն դրամ, ապա 10 օր անց՝ ևս 9 մլն դրամ, գումարի մի մասը Է.Վարժապետյանին է փոխանցվել ՀՀ դրամով, իսկ մյուս մասը՝ ԱՄՆ դոլարով: Վարժապետյանը նշեց, որ 29 մլն դրամը Խաչիկյանին է տվել 3 ամսվա ընթացքում:
Իսկ վկա Արթուր Աբրահամյանը նշել էր, որ ինքը 20 մլն դրամը Վարժապետյանին է փոխանցել 1ամսվա ընթացքում:
Վարժապետյանը դատարանում հայտնեց, որ Արթուր Աբրահամյանն է շփոթում օրերը՝ ավելացնելով, որ երբ նա խոստովանել է, որ իր մեղքով է եղել կրկնակի վճարումները՝ նրան աշխատասենյակից դուրս է հրավիրել: Պարզվեց նաև, որ այդ գումարները Արթուրը փոխանցել է իրեն գործով մյուս վկա Ռուբեն Մնացականյանի միջոցով:
Պաշտպանական կողմը վկայի ցուցմունքներում էական հակասություններ տեսնելով միջնորդեց դատարանին հրապարակել նախաքննական մարմնին տված վկայի ցուցմունքը: Էդուարդ Վարժապետյանի և Ռուբեն Մնացականյանի առերեսման ժամանակ պարզվել է, որ ոչ թե կենսաթոշակների կրկնակի վճարումներ է եղել, այլև թաղման նպաստների կրկնակի վճարներ:
Այսօրվա նիստում հարցաքննվեց դատակոչված 2 վկա, 1 վկա էլ գրություն էր ուղարկել դատարանին, առ այն, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ դատարան և խնդրել հիմք ընդունել նախաքննական մարմնի տված իր ցուցմունքը և հրապարակել:
Դատարանը նախորդ նիստին իր դիրքորոշումը հայտնել էր այդ մասին, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը չի կարող դատարան չներկայանալու հիմք հանդիսանալ:
Դատարանի կողմից մեկ այլ վկայի դատարան ներկայանալու ծանուցմանն էլ, որպես պատասխան եկել էր փոստատարի գրությունը, որ վկան մահացել է և որոշում կայացվեց ընթերցել վկայի նախաքննական մարմնին տված ցուցմունքը, որտեղ վկան նշել էր, ինքը երկար ժամանակ բացակայել է Հայաստանից և այդ ընթացքում ոչ ոքի չի լիազորել իր կենսաթոշակը ստանալ:
Դատավոր Մխիթար Պապոյանը տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերի 12-ին վկա Ռուբիկ Մնացականյանին հարցաքննելու համար գրությունն ուղարկվել է Արթիկի մեկուսարան, որտեղ և գտնվում է վկան:
«Փաստինֆոյի» հիշեցմամբ՝ հարցաքննված վկաների թիվը մոտենում է 100-ին, հաջորդ՝ սեպտեմբերի 5-ին կայանալիք նիստում կշարունակվի վկաների հարցաքննությունը: