30/08/2013 10:11
Քաղաքագետի համոզմամբ, աշունը քաղաքական առումով թեժ չի լինի
«Հայոց աշխարհ»-ի զրուցակիցն է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Ս. Մինասյանը նշել է. «Հայաստանում գոյություն չունի իրական ընդդիմություն՝ վերջին մեկ տարվա ընտրական փուլից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ մոտակա ընտրությունները լինելու են 4 տարի հետո, իսկ ընդդիմադիր դաշտը հիմնավորապես ջախջախված է»:
Անդրադառնալով խոսակցություններին, թե քաղաքական «թեժ աշուն» է սպասվում, Ս. Մինասյանը ասել է. «Եթե մինչ այդ սոցիալական լարվածությունը դրսևորվում կամ իրացվում էր քաղաքական ուժերի, այդ թվում՝ արմատական ընդդիմության միջոցով, հիմա դա չկա։ Դրանով է նաև բացատրվում քաղաքացիական շարժումների այս աննախադեպ «էսկալացիան». գոյություն չունի քաղաքականություն, և քաղաքականությունը դարձել է հասարակության հոբբին։ Ընդ որում, տեսանելի չէ՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից, վերականգնել ստանդարտ, դասական քաղաքական «ստատուս քվոն: Այս ամենից ելնելով էլ, կարծում եմ, ներքաղաքական դաշտում աշնանը լուրջ փոփոխություններ չեն լինի»։